Վերջին մոտ քսան տարիների ընթացքում այնքան շատ են եղել անհապաղ իշխանափոխության անհրաժեշտության մասին խոսակցություններն ու այն իրականացնելու ձախողված փորձերը, որ հասկանալի է դառնում՝ իշխանափոխություն ցանկացող հայաստանյան ընդդիմադիր գործիչների ու խմբավորումների՝ մեր միամիտ հանրության ակտիվ մասին մշտապես միևնույն արատավոր շրջանով պտտեցնելու տաղանդը դարձել է ազգային կայուն արժեքներից մեկը: Այդուհանդերձ, քաղաքական պայքարի անգնահատելի փորձը կուտակվում է նաև դառնագույն պարտությունների ու հիասթափությունների գնով: Եվ այդ փորձը ցույց է տալիս, որ այսօրվա Հայաստանում մրցունակ, թափանցիկ, արդար ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելն անհնար է: Գուցե դա հնարավոր լինի անել հինգ-տասը տարի անց, երբ տնտեսական բոլոր լծակները սեփականած ներկայիս իշխանական վերնախավը հաջողեցնի վերջնականապես չեզոքացնել ունեզուրկ քաղաքական ընդդիմությանը և հենց ինքն էլ ձևավորի այն ընդդիմադիր բևեռը, որի միջոցով կբացառվի սեփականության ու ֆինանսական միջոցների բռնի վերաբաշխման հնարավորությունը: Արագ իշխանափոխության գայթակղիչ ուղի կարող է համարվել բռնի իշխանափոխությունը՝ հեղափոխությունը, սակայն առայսօր այս ուղղությամբ և ոչ մի լուրջ փորձ չի իրականացվել: Անգամ այն ժամանակ, երբ հասարակության առավել ակտիվ մասն ակնհայտորեն պատրաստ է եղել դիմելու բռնությունների, հեղափոխական տրամադրություններով համակված զանգվածների գլուխ անցած քաղաքական առաջնորդներն են խուսափել իշխանության հետ ուժային առճակատումից: Կարծում եմ, որ անհաջողությունների պատճառներից մեկն էլ այն է եղել, որ Հայաստանում չկա մի կարևոր իրողության համարժեք ընկալումը՝ մարդկանց փողոց հանող քաղաքական ուժերն ու գործիչները, որպես կանոն, իսպառ անտեսում են այն հանգամանքը, որ մեզանում գործող իշխանական համակարգը ռուսական հեքիաթների Անմահ Կաշչեին է նման. ինքը ֆիզիկապես Երևանում է գտնվում, սակայն նրա կյանքի կենսատու ուժի աղբյուրն Արցախում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել