Դեբալցևո քաղաքի մատույցներում շրջափակման մեջ հայտնված ուկրաինական բանակի 6-7 հազարանոց զորախումբը լիովին ոչնչացնելու սպառնալիքը կարող է օգտագործվել որպես ուկրաինական իշխանությունների վրա՝ ՌԴ-ի, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների կողմից ներկայացվող նախապայմանները ընդունել տալու նպատակով ճնշում գործադրելու լուրջ լծակ: Թեև Մինսկում ՌԴ-ի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի նախագահների մակարդակով և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցող բանակցություններն ավարտված չեն, դրանցից իրական արդյունավետություն ակնկալել, թերևս, չարժե: Անգամ եթե հաջողվի այժմ կանգնեցնել արյունահեղությունը, առավել հավանական է, որ այն կրկին կվերսկսվի ու կներառի արդեն Ուկրաինայի նաև այլ շրջանները, առավել հավանական է իրավիճակի սրումը Խարկովի և Օդեսայի մարզերում: Շատ բան կախված կլինի նրանից, թե ընթացող բանակցություններում որքանով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկա իշխանություններին կհաջողվի ապահովել իրենց փաստացի անկախությունը Կիևից, և առայժմ հենց նրանք են գտնվում բոլորի ուշադրության կենտրոնում: Ամեն դեպքում պարզ է, որ վերադարձ անցյալ տեղի չի ունենալու: Եթե պատերազմն, այնուամենայնիվ, ընդհատվի հարաբերականորեն կայուն հրադադարով, ապա դրան կհետևեն ռուսաստանյան ազդեցություններին առավել հակված մարզերի ռուսամետ տարրերի հանդեպ կանխարգելիչ բռնաճնշումները, ինչը նաև կծնի հակազդեցություն: Ուկրաինական ճգնաժամն այս փուլում կայունացնելու իրական հեռանկար, թերևս, գոյություն չունի, եթե Կիևը համաձայնվի ռուսական եռյակի կողմից ներկայացվող նախապայմաններին, ապա կխորանա ներքին ճգնաժամն ու կուժեղանան կենտրոնախույս ձգտումները, իսկ եթե մերժի, ապա ստիպված է լինելու շարունակել պատերազմը, որի արդյունքը կարող է նույնը դառնալ: Նախագահ Պորոշենկոն դժվարին կացության մեջ է և առանց արտաքին հզոր աջակցության չի կարողանա դիմակայել ներքին ու արտաքին մարտահրավերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել