Այն, որ Բերձորում տեղի է ունեցել իրավական կոպտագույն խախտում, անվիճելի է: Ինձ համար անվիճելի է նաև այն, որ դրա պատասխանատուներին պետք է փնտրել ոչ այնքան Ստեփանակերտում (այդտեղ միայն տեխնիկական պատասխանատուներ կան), այլ Երևանում: Բայց խնդրի քաղաքական կողմերի վերլուծությունն ուզում եմ թողնեմ հետոյի, քանի որ կան երանգներ և միտումներ, որոնք դեռ ցանկալի է ստուգել և հասկանալ: Էս պահին ուզում եմ հետևյալ մի քանի պնդումներ անել, ինչ-որ տեղ ստիպված եմ անել՝ հետևելով էս երկու օրվա «հոսքին» ու նկատելով, թե որ ուղղությամբ է այն գնում, ու իմ գնահատականով նաև ուղղորդվում: 
1. Ղարաբաղում պահել են և պահում են ոչ թե ղարաբաղցիներին կամ Ղարաբաղը, այլ բոլոր հայաստանցիներին ու ամբողջ Հայաստանը: Նմանապես Ղարաբաղում պատերազմել են ոչ թե լոկ Ղարաբաղի և ղարաբաղցիների, այլ ամբողջ Հայաստանի և բոլոր հայաստանցիների համար: Ղարաբաղի վրա հարձակումները ոչ թե Ղարաբաղի ու ղարաբաղցիների, այլ ամբողջ Հայաստանի և բոլոր հայաստանցիների անվտանգության խնդիրն է: Ընդ որում, երբ ասում եմ՝ Հայաստան և հայաստանցի, նկատի ունեմ բնականաբար նաև՝ ղարաբացի, ինչպես որ նկատի ունեմ լեննականցի, իջևանցի, գորիսեցի և այլն: 
2. Ղարաբաղում ոչ մի քաղաքական հարց չի լուծվում և չի լուծվելու: Հայաստանի քաղաքական հարցերը լուծվում են Երևանում, որովհետև Հայաստանի քաղաքականությունը կենտրոնացած է եղել և է՛ Երևանում: Ով քաղաքական խնդիր ունի լուծելու, թո՛ղ այն լուծի Հայաստանում: Սա էլ աքսիոմատիկ է, որովհետև քաղաքական խնդիրն այնտեղ է, ուր առկա է իշխանություն, որը կայացնում է վերջնական որոշումներ: 
3. Ակնկալել, որ Ղարաբաղի հասարակությունը պետք է հիմա, ամեն բան թողած, ինչ-որ շարժումներ անի, վերացական մտածողության դրսևորում է: Որևէ երկրում, որևէ ժամանակահատվածում մարդիկ կարող են ազատ հայտնել իրենց կարծիքը միայն, եթե տնտեսապես ազատ են իշխանությունից, և քաղաքական և իրավական տեսակետից նույնպես որոշակի իքնավարություն ունեն: Բոլորս, ովքեր Երևանում ազատ արտահայտում ենք մեր տեսակետները, տնտեսապես ազատ ենք և հնարավորություն ունե՛նք ազատ արտահայտվելու: Իսկ Ղարաբաղի պես փոքր և փակ հասարակության մեջ միայն հատուկենտ անհանտերը նման հնարավորություն ունեն՝ սա պետք է հասկանալ և ավելորդ ակնկալիքներ չունենալ: Իսկ եթե համաձայն չեք, դե պահանջեք գորիսցիներից, որ Լիսկայի դեմ միտինգ անեն: Պարզ է, չէ՞, թե ինչու չեն կարող: 
4. Հայաստանցի-ղարաբաղցի խնդիր մեր հասարակության մեջ կա, կեղծ կլիներ դա անտեսել: Բայց նաև հիմարություն կլիներ կարծել, թե միայն Հայաստանում կան նման խնդիրներ: Ցանկացած երկրում եղել են կամ կան ռեգիոնալ հակադրություններ, որոնք որոշ պայմաններում շատ ուժեղ են արտահայտվում: Ֆրանսիայի հարավն ավանդապես ատում է հյուսիսին և իրեն առանձին ազգ համարում: Գերմանիայում բոլորը զզվել են պրուսակներից, մանավանդ բավարացիները և շվաբները, հիմա էլ, ենթադրում եմ, որ մեծ սեր չեն տածում միմյանց նկատմամբ: Վրաստանում մեգրելներին չեն սիրում, Ադրբեջանում «երազներից» են խորշում և այլն, և այլն: ԲԱՅՑ՝ նորմալ պետությունն ու նորմալ հասարակությունը փորձում է այդ խնդիրները ոչ թե սրել և ոչ էլ լռության մատնել, այլ լուծել: Շեշտեմ, ոչ միայն նորմալ պետությունն ու նորմալ իշխանությունն, այլև առողջ հասարակությունը: Վստահ եմ, հայաստանցի-ղարաբաղցի խնդիրը կարելի է լուծել մեկ-երկու սերդնի ընթացքում: Իհարկե ո՛չ ամբողջովին, բայց այն աստիճան, որ դա ավելի լուրջ չլինի քան, ասենք, գորիսեցի-ղափանացի խնդիրը (իսկ դա անլուրջ խնդիր չի): 
5. Վերջերս Լուսնի և այլ երկնային մարմինների մասին օրենք էին ընդունել, որի վրա շատերս մի լավ ծիծաղեցինք: Հիմա, շատ կներեք, բայց երբ լսում եմ կոչեր, թե բա գնանք՝ Ղարաբաղի ներկայացուցչության դեմ պիկետ անենք կամ գնանք նորից Ղարաբաղ ավտերթով, մտածում եմ՝ կարո՞ղ է իզուր էին ծիծաղում, և ինչ-որ լուսնային սուբտիլ ազդեցություն կա մեր երկրում: Լրջացե՛ք, ժողովուրդ: Նորից եմ ասում՝ քաղաքական խնդիրները լուծվում են Երևանում, իսկ Ղարաբաղի ճակատը բոլորիս ճակատն է: 
Մնացածի մասին կգրեմ ավելի ուշ, երբ կունենամ մի քանի հարցերի պատասխաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել