Գործ ճարելու հույսով մի մարդ դիմում է տեղի հոգևորականներին: Նրան խոսք են տալիս, թե հարմար մի պահի կկանչեն ու եկեղեցու ժամկոչ կդարձնեն: Բայց արի ու տես, ժամկոչն էլ քիչ թե շատ գրել-կարդալ պիտի իմանար:
– Ես գրել-կարդալ չգիտեմ, – հայտնում է անգործը:
– Ուրեմն, քանի որ հարմար գործ չկա, և ժամկոչ էլ չես կարող լինել, քեզ մի քիչ դրամ կտանք, որ առևտուր անես ու գոնե օրվա հացիդ փողը վաստակես: Աստված մեծ է,– ասում են նրանք և մի փոքր դրամական օգնություն ցույց տալով՝ ճամփում:
Էս անգործը ստացած չնչին գումարով առնում-ծախում, առնում-ծախում և ի վերջո դառնում է քաղաքի ամենահարուստը:
Մի օր էլ աշխատակիցների փոխարեն ինքն է գնում դրամատուն՝ գործարք կատարելու: Հազար ու մի ճիգ գործադրում, ինչ-որ բան է փորձում խզմզել, բայց ստորագրել այդպես էլ չի ստացվում:
Դրամատան պաշտոնյան, տեսածից զարմացած, ասում է.
– Հարգարժան պարոն, տեսա, որ ստորագրելիս բավական դժվարացաք: Եթե նման հարստության և դիրքի եք տիրացել, բա որ լավ կրթություն ստանայիք, պատկերացնում եմ, թե ինչերի կարող էիք հասնել…
– Բարեկամս, եթե մի քիչ գրել-կարդալ իմանայի, շատ-շատ ժամկոչ էի դառնալու, կյանքիս պատմությունը դա է հաստատում, հասկացա՞ք, – ինքնագոհ ու ինքնավստահ եզրահանգում է անում մեծահարուստը:
Հ.Գ. Բոլոր համընկումները պատահական են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել