Սա ամենևին էլ սովորական հանցագործություն չէ, ասեմ ավելին՝ սա շատ լուրջ քննության արժանի հանցագործություն է։
Թե դեպքերն ինչ զարգացումներ կունենան, պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում: Շատերը դեռ հետևություններ կանեն, շատերին կշեղեն բուն թեմայից, շատերն էլ սեփական զգացմունքայնության պատճառով երկրորդական կհամարեն գուցեև ամենաիրական վտանգի ստվերում հայտնվելը:
Ես ինքս մասնագիտությամբ քրեագետ չեմ, բայց հաստատ մինչև չստանամ հանցագործության հետ կապված իմ հարցերի լիարժեք պատասխանը, չեմ համարի, որ այս դեպքում ամեն բան պարզ է:
Այն ինֆորմացիան, որ այս պահին հրամցվում է հասարակությանը, այս մութ պատմությունը կոծկելու ամենահեշտ ուղին է, բայց մի՞թե ամեն բան այդքան պարզ է:
Թե ով կքննի, որ հոդվածով կդատվի, որտեղ կնստի հարցերը թողնում եմ մի կողմ, որովհետև ինձ համար գլխավորը ԻՆՉՈՒ հարցի պատասխանը ստանալն է։
Վերլուծություն չեմ անելու, որովհետև պատմության մեջ անհասկանալի ու անտրամաբանական դրվագներն ավելի շատ են, քան տրամաբանականները:
Բացարձակ չեմ հավատում՝
1-Մտա, որ ջուր խմեմ
2-Վախից սպանեցի, որ չմատնեն
3-Սահմանը չէի ուզում անցնել
ու նմանատիպ անասուն արտահայտություններին: Կզարմանամ, որ որևէ քննիչ կհավատա այս խոսքերին: Վստահ եմ, որ այս պահին ռուսական կողմի քննիչների միակ նպատակը իրականությունը պարզելն է: Բնականաբար, պարզելուց հետո լայն հասարակության համար կհրամցվի այն հիմար լեգենդը, որը հյուսվում է այս օրերի ընթացքում: 
Ցանկացած քրեագետի համար պարզ է, որ առողջ ու սթափ մարդը նման անմարդկային հանցանք ուղղակի ի զորու չէր կատարել: 
Այս օրերի ընթացքում շատ վարկածներ եմ մտովի վերլուծել՝ վրեժ, ոխ, ընտանեկան դավաճանություն, փող, դիվահարություն, բայց ոչ մեկը մի տեսակ չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ, ու կարծում եմ՝ քննող քննիչներն էլ են դա հասկանում: Բացառելով վերոնշյալները՝ մնում է մի վարկած, որ իրոք լարվածության մեջ է պահում ինձ, ու ամենահավանականն է, դա տվյալ զինվորի վերբովկան է արտասահմանյան որևէ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Պատճառների ու նպատակների պարզումն էլ արդեն իրավապահների գործն է: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ և հայկական և ռուսական կողմին հարցն ահավոր պետք է հուզի: Ինչևէ, սա սովորական հանցագործություն չի, և գործի լիարժեք բացահայտումն ուղղակի անհրաժեշտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել