Հարցին չէի անդրադառնա, որովհետև թվում էր, թե արդեն ամեն բան ասված է, բայց ամեն օր մի նոր ինտրիգ ավելացնում են թեմային: Խնդիրը նրանում է, որ մեր շատ հարգված օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին ինչ-որ բան դուր չի եկել, Երևանն է խոսում հեռուստանախագծի նկարահանումներին, և նա լքել է տաղավարը: Այսօր էլ կարդացի կողմերի պարզաբանումները և կփորձեմ մի քանի նկատառումներ ներկայացնել: Երիտասարդ լրագող-հաղորդավարի ֆակտորը դնում եմ մի կողմ, որովհետև դա առանձին թեմա է: Ուզում եմ կենտրոնանամ կոնկրետ Արսենի քայլերի վրա: Արսեն ջան, ես ի տարբերություն քեզ, օլիմպիական չեմպիոն չեմ, ընդհանրապես սպորտսմեն չեմ, բայց ես էլ իմ ոլորտում բավականին ճանաչված եմ նաև արտերկրում ու քիչ բան չեմ արել երկրիս համար: Մեր վերաբերմունքը քեզ հաստատ միշտ եղել է հարգալի ու միշտ հպարտանում ենք քեզանով ու քո բոլոր հաջողություններով, ինչպես նաև մեր մյուս չեմպիոնների հաղթանակներով, բայց դա ամենևին չի նշանակում, որ դու պետք է քեզ թույլ տաս նման արտահայտություն, եթե օլիմպիական չեմպիոն է ներկա, մնացածները պետք է սպասեն: Մի գերագնահատի քեզ, մենք դա միևնույն է անում ենք քո փոխարեն: Հավատա, եթե դու օլիմպիադային ներկայանար ասենք Ֆինլանդիայի դրոշի ներքո, մենք քեզ էլի նույն ձև երկրպագելու էինք, բայց հերիք է մի բառ, ու քո լավ մարդու ու լավ սպորտսմենի կերպարի վրա դա ազդում է: Վերջին հարցազրույցներում ակնարկում էիր անգամ, որ լուրջ պաշտոններ ստանալու ակնկալիք ունես: Չուզողը թող ես լինեմ, բայց կարծում ես, որ ինքնագնահատականի անհարկի չարաշահումներով կկարողանաս աշխատես նման լուրջ պոստերում: Աստեղային հիվանդությունը շատ վատ բան է: Մի նմանվիր ուրիշներին: Մնա մեր համար նույն սիրելի ու փայլուն սպորտսմենն ու մարդը: Իմիջիայլոց, ես ներկա եմ եղել մի ճաշկերույթի, որտեղ հրավիրված էին նոբելյան մրցանակակիրներ, ի դեպ, պատկառելի տարիքի գիտնականներ: Տվյալ միջոցառման նկարահանման հետ ևս խնդիրներ էին առաջացել, և հայտարարված ժամից ճաշը 3.5 ժամ ուշ սկսվեց, կարելի է ասել ընթրիքի վերածվեց։ Ոչ մի աշխարհահռչակ գիտնական չլքեց դահլիճը:
Սա զուգահեռ չտարա: Դու ինքդ էլ գիտես, որ մեր մոտ, առավել ևս հեռուստատեսությունում ամեն բան դուզ չի, ու շատ հաճախ են նման տեխնիկական խնդիրներ առաջանում: Սրան ըմբռնումով պիտի մոտենայիր, որովհետև քո երկրպագուներին, ի վերջո, ոչ թե նկարահանումների դժվարություններն են հետաքրքրում, այլ դու ու քո մասնակցությամբ ծրագիրը: Երկրպագուների սերը վաստակում են տարիներով, իսկ կորցնում մի ակնթարթում: Կարծում եմ, որ դու այն տեսակն ես, որին օլիմպիական մեդալներից զատ, իսկ լավ կլիներ նաև առավել, հետաքրքրում է ժողովրդի սերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել