Այսօր ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչը պահանջեց Պորոշենկոյից, որպեսզի վերջինս, հաշվի առնելով երկրում տիրող տնտեսական իրավիճակը, թանկարժեք արտասահմանյան ծառայողական մեքենան փոխարինի էշով։ Ու սա լոկ խոսոքեր չեն։ Սա պահի հրամայականի վրա հիմնված լուրջ պահանջ է։
Գաղտնիք չի, որ այսօր մեր ազգընտիրների ու իշխանության ներկայացուցիչներին սպասարկող ծառայողական մեքենաների ձեռք բերման և ընթացիկ սպասարկման բյուջեից տրամադրված գումարներն ահռելի թիվ է կազմում։ Սա ամենաքիչը տարօրինակ է։ Ինչու՞ օրինակ իմ՝ բյուջե վճարած հարկերի հաշվին որևէ պատգամավոր իրեն լավ զգա։ Ինչո՞վ են նրանք փայլում, ի՞նչ օգուտ են տալիս ինձ։ Խոսքս վերաբերում է նաև ոչիշխանական համարվող պատգամավորներին։ Նրանք գուցե չեն օգտվում այդքան շատ, որքան իրենց իշխանական գործընկերները, բայց դե մեր հաշվին արտասահմաններում լավ էլ տվայտվում են՝ մասնակցելով տարաբնույթ ֆորում-հանդիպումների, որոնց օգուտը մեր համար մեծ հաշվով հավասար է զրոյի։ Սենց որ գնա, բյուջեում մյուս տարի մի տող էլ կհայտնվի՝ Ոչ իշխանականների սպասարկման ծախսեր։ Ի՞նչ տարբերություն՝ բացեիբաց եք գրում, թե՞ տակից ֆինանսավորում։ Էդպես գոնե դա էլ մեր հաշվին դուրս կգրեք։ Եվ հետո ի՞նչ պարտադիր է այդքան թանկ մեքենաների ձեռք բերումը, հնարավոր է չէ՞ մինչև 5000 դոլարի սահմաններում մեքենաներ գնեք ազգընտիրների համար։ Հաաա, հնարավոր է, որ մեր մուլտիօլիգարխները լայաղ չանեն ձեր տրամադրած օպելներով ու ժիգուլիներով ֆռֆռալը։ Դե նրանց ձեռքը քարի տակ չի՝ սեփական մեքենաները գարաժներից կհանեն։ Չնայած մյուս կողմից էլ, որ մտածում եմ՝ սրանք էնքան անկուշտ են, որ եթե մեքենաների սպասարկման գումարները նվազեցնեն, մի այլ՝ ավելի անհեթեթ տող կավելացնեն բյուջեի ծախսային մասում։ Ես էլ ուկրաինացու նման կառաջարկեմ մեքենաներն էշերով փոխարինելու, որովհետև կուզենայի նրանցից շատերին էդ էշերի վրա հակառակ նստացնել, ու թող գնան այնտեղ, որտեղից եկել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել