«Միխեիլ Սաակաշվիլին կորցնում է Վրաստանի քաղաքական դաշտում միատարր դերակատարումը, փոխարենը մեծանում է գործող վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ազդեցությունը»,- այսօր ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Սրա մասին է վկայում այն փաստը, որ անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ Մերաբիշվիլիի դեմ հայտարարություններ չեն արվում: Անկախ խորհրդարանական ընտրություններից հետո, քաղաքական դաշտի գլխավոր խաղացողները կլինեն գործող վարչապետ Վանո Մերաբիշվիլին և ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին»,- մանրամասնեց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով` մասնավորապես Վանո Մերաբիշվիլիի դեպքում քաղաքական դաշտի կառավարչի դերը պահպանելը դժվար չի լինի. «Նախ նա հանդիսանում է Վրաստանի ուժային կառույցների հիմնադիրը և լուրջ ազդեցություն նրանց վրա, երկրորդ` Ռուսաստանի համար, նա առավել ընդունելի ֆիգուր է, քանի որ առավել պրագմատիկ գործիչ է և երրորդ` հայաբնակ շրջանի ծնունդ է և շատ ավելի լավ գիտի ջավախքահայության խնդիրները: Սրան զուգահեռ Վրաստանում ամրապնդվում են նաև միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դիրքերը, ով ևս հայամետ տրամադրություններ է դրսևորում»: 

Այս ամենը հաշվի առնելով և նաև այն, որ Սահակաշվիլին երրորդ անգամ չի փորձի զբաղեցնել նախագահի աթոռը` Սերգեյ Մինասյանը նշեց այն վատագույն ճակատագիրը, որը սպասում է Վրաստանի գործող նախագահին. «Սահակաշվիլուն վատագույն դեպքում սպասվում է իր նոր քաղաքի ճարտարապետի պաշտոնը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել