Նախախորհրդարանի մեքենաները վառեցին, հետո ակտիվիստի գլխին բութ գործիքով հարվածեցին, քիչ առաջ էլ կարդացի երեկվա դեպքի մասին։ Բան չունեմ ասելու, բնականաբար այս միջադեպը որակում եմ որպես լկտի քայլ, Արամին էլ որպես մարդ շատ հարգում եմ, բայց դե պատմության շարունակությունը և դեպքերի մեկնաբանությունները ստիպում են ինձ հետևություններ անել։ Այն, որ սա իշխանությունների ամենաթողության հետևանք է, ես համամիտ եմ, բայց որ այս դեպքերի հետևում իշխանություններն են կանգնած, այնքան էլ հավատս չի գալիս, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում, և հետո տրամաչափերն են շատ տարբեր։
Ընդդիմության ներկայացուցիչները վերջին խուլիգանությունները սկսում են որակել որպես ռեժիմի խուճապային նոր դրսևորումներ, ասել է թե՝ ռեժիմը մարդկանց սենց փորձում ա վախացնի, դրա համար ա մարդ ծեծում։ Տղերք, ձեր ասած ռեժիմից ես հատատ ձեզանից շատ եմ զզվում, բայց ձեզ էդքան մի գերագնահատեք էլի։ Ախր եթե ռեժիմը ձեզանից վախենար, ծեծել կսկսեր 2012-ի ու 2013-ի ընտրություններին կամ իրոք ինչ-որ լարված պահերի։ Այդ ժամանակ էլի ինչ-որ տեղ ես կհասկանայի, բայց հիմա, երբ ձեր ընդհանուր վտանգավորության աստիճանը մի մոծակի կծի չափ չկա, երբ հասարակության համար դուք և իշխանությունները դիտվում եք նույն հարթակի վրա, երբ առանց ԲՀԿ ռեսուրսի եթե հանրահավաք կազմակերպեք, ապա 100 հոգի էլ մարդ չեք հավաքի, երբ ութ տարի շարունակ խուճապի մեջ եք գցում այն ռեժիմին, որը, ըստ ձեզ, քուչի մակարդակով է ձեզ թաթալոշում, դուք հլը մտածում եք, որ ու՞ժ եք։ 
Այսպես մակերեսային եք վերաբերվում ձեր քաղաքական հակառակորդին, որը, չնայած իր ապաշնորհությանն ու անսպառ խոցելի տեղեր ունենալու, այնքան առավելություն ունի ձեր նկատմամբ, որ 1998-ից սկսած «իշխանափոխություն» ասածը ձեր համար դարձել է այն, ինչ մեր համար՝ էլի ձեր ասած «ռեժիմը խուճապի մեջ են»-ը։
Միգուցե այս ամեն ինչն այլ, ավելի թաքնվա՞ծ երանգ ունի, որը դուք երբեք չեք հասկանա, որովհետև «ռեժիմը խուճապի մեջ է». թեզիսը դրոշակ եք սարքել ու մինչև հաջորդ ընտրություններ հավանաբար կշարունակեք խաբել ժողովրդին ու մնալ ընդդիմադիրի դերի տակ կամ մեջ՝ ըստ ձեր ճաշակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել