Տարիքի հետ կյանքի փորձ հավաքելով՝ տղամարդը ձևավորում է լավ ու վատ կնոջ չափորոշիչները՝ փորձելով սինթեզել կնոջ իդեալի «բաղադրատոմս»։ Ոմանք, չգտնելով նրան, ընդհանրապես իգական սեռից են հիասթափվում, ոմանք էլ նոր դասակարգումներ են մտցնում. «Լավ կին», «Լավ սիրուհի» և այլն։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես որ հաստատ չեմ կարող առանց կնոջ, ոչ էլ կարող եմ կիսել ինձ մի քանի կանանց միջև։ Ինչպիսի՞ն պետք է լինի կինը, ով իմ կողքին է։ Երևի թե այնպիսին, հանուն որի ուզենամ ապրել ու ոչ թե պարզապես ապրել, այլ այնպիսի բաներ անել, որոնք կերջանկացնեն նրան և նորից ու նորից կգրավեն նրա սիրտը, կվառեն նրա աչքերը։

Նա կին է, որը ոչինչ պարտավոր չէ ու ոչինչ պարտք չէ քեզ։ Նա քեզ հետ է, որովհետև քեզ հետ լավ է և ապահով, ու նա սիրում է քեզ։ Էական չէ, թե ինչով է նա զբաղվում։ Նա կարող է աշխատել ինչ-որ տեղ, կամ էլ ընդհանրապես չաշխատել, բայց ինչ-որ բանով զբաղվել։ Կարևորը, որ նա իմաստավորում է իր և իմ կյանքերը։ Նրա համար այդքան էլ էական չէ հարցի ֆինանսական կողմը, կարևորը գաղափարն է, իսկ գաղափարն իրականություն դարձնելն արդեն տղամարդու ֆունկցիան է։

Ինձ պետք չէ ամեն օր նրան տեսնել «մերկ, խալաթով ու գազօջախի մոտ»։ Ավելի կարևոր է, թե ինչ է նա զգում քո ներկայությամբ։ Զգալ նրա քնքշությունը, ջերմությունն ու իմ կարիքը զգալը։ Ինձ ձեռք է տալիս, որ նա ամեն օր նախաճաշ ու ընթրիք չի պատրաստում ինձ համար, չէ՞ որ դա ավելի լավ է, քան սիրելիիդ հոգնատանջ տեսքը և քնելու անհագ ցանկությունը։

Թող ավելի շատ իրենով զբաղվի, չէ՞ որ տղամարդկանց դուր գալը նրանց բնատուր առաքելությունն է։ Դուք տեսե՞լ եք, թե դեմքի ինչ արտահայտությամբ են կանայք դուրս գալիս ՍՊԱ-սրահներից։ Նրան դուր է գալիս գայթակղել տղամարկանց, որովհետև նրան անհրաժեշտ է ստանալ այդ գայթակղված տղամարդկանց էներգիան։ Այդ էներգիան սնուցում է նրա կանացի էությունը, և նա ծաղկում է գեղեցիկ ծաղկի պես։ Ու դա լավ է, չէ՞ որ այդ ծաղիկն ինձ համար է ծաղկում, իսկ եթե նրա համար կարևոր է իմանալ, որ դուր է գալիս այլ տղամարդկանց, ապա ի՞նչ խնդիր կա դրանում։

Նա անընդհատ ինչ-որ բանով է տարվում՝ մեկ դեմքի ու մարմնի խնամքի ինչ-որ նոր մեթոդիկայով, մեկ էլ բիզնեսի նոր ուղղություն ուսումնասիրելով։ Նրա համար կարևոր են նոր մարդկանց հետ շփումները, նա հետաքրքրվում է հաջողակ մարդկանց փորձով։ Նա անընդհատ պատմում է քեզ իր կանացի գործերի մասին և ըմբռնում է ուզում տեսնել, իսկ իր կողմից՝ լսում է քեզ ու հանուն քեզ կարող է քեզ հետ մի քիչ ֆուտբոլ էլ նայել, քանի որ գիտի, որ քեզ համար դա կարևոր է։

Երբեմն նա պարզապես ուզենում է դառնալ փոքրիկ աղջիկ ու լաց լինել, ուշադրություն ու հոգատարություն զգալ իր սիրած տղամարդուց։ Երբեմն դրան, իրոք, բացատրություն չի լինում։ Այդ կերպ նա պարզապես ձերբազատվում է սթրեսից, իսկ հոգու խորքում նա միշտ էլ աղջիկ է։ Հնարավոր է, որ ինձ ամբողջ կյանքումս անհանգստացնեն կասկածները. «Իսկ ի՞նչ, եթե ես նա չեմ, ում մասին նա երազել է» կամ էլ «Այն տղամարդը, ում նա գայթակղում էր, ինքն է գրավել սիրելիիս սիրտը»։ Այս կասկածները ստիպելու են, որ ես անեմ ավելի ու ավելի շատ, որպեսզի նրան իմ կողքին պահեմ և ամեն անգամ, երբ ես գրկում եմ նրան, գուցե անգամ քնած վիճակում, նրա արձագանքից ես հասկանում եմ, որ ես նրա համար թանկ եմ, ու նա հենց ինձ է ընտրել։ Ու այդ ժամանակ ես հասկանում եմ, որ կողքիս հենց այն կինն է, հանուն որի արժի ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել