Ռուսիան մտքով չի հասկացվի, Սին արշինով էլ երբեք չի չափվի, Հատուկ բնույթի է նա տեր-տիրակալ, Նրան կարելի է միայն հավատալ: Ֆյոդոր Տյուտչև

Յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ, ում կրած արժեքային համակարգը առանցքային դերակատարում է ունեցել որևէ պետության կազմավորման գործում, այդ պետության արած-չարածի միակ պատասխանատուն է: Անգամ այն պարագայում, երբ այդ ազգն այնքան է հյուծված, նրա «իմունային համակարգն» այնքան է քայքայված, որ իր երկրի կառավարումն ուղիղ կամ միջնորդավորված իրականացնում են արտաքին, թշնամական ուժերը, միևնույն է, պատասխանատուն ինքը և միայն ինքն է: Գերմանացիները պատասխանատու են Հիտլերի չարագործությունների համար, անկախ նրանից, թե ո՞վ և ի՞նչ նպատակով ծնեց նացիզմն ու ֆինանսավորեց Հիտլերին, ո՞վ հրահրեց երկրորդ համաշխարհայինը, վերջապես, ո՞վ ինչ շահեց և ո՞վ ինչ կորցրեց… Սակայն, դառնանք ռուսներին… Ռուսիո պատմությանը մի թռուցիկ հայացք նետելն անգամ մտածել է տալիս, որ Տյուտչևի այս տողերը, կարծես հորինվել են Ռուսաստանի կատարած բոլոր պատմական ավանակություններն արդարացնելու նպատակով: Ռուսաստանի ընթացքի մեջ մշտապես առկա է ողբերգայնության տարրը: Հատկապես նորագույն ժամանակների նրա պատմությունը, ճակատագրային սխալների և մարդկային տասնյակ միլիոնավոր կյանքերի գնով այդ սխալներին հետևած հոգևոր-բարոյական, խոշորածավալ նյութական ավիրածությունների վերացման մի գործընթաց է ներկայանում: Միտքս Ռուսաստան պետության կողմից մեզ՝ հայերիս հասցված վնասները քննելը, առավել ևս, դրանում նրանց մեղադրելը չէ (առանց ինձ էլ մեր բոլոր ձախորդությունների պատճառները մեզանից դուրս որոնողները, ցավոք մեծամասնություն են կազմում), ոչ էլ (անօգուտ զբաղմունք) իրենց շահն իրենց հասկացնել տալն է: Նպատակս Ռուսաստանի մասին մեր մակերեսային (սկսած Ռուսաստանը մեր միակ փրկիչն ու ապավենն է-ից մինչև վելիկօդեռժավնի ԿԳԲ-շնիկ ռուսաստանի նպատակը՝ Հայաստանն առանց հայերի տեսնելն է) դատողություններից ազատվելն ու Ռուսաստան երևույթի, և ոչ միայն նրա, այլ մեզ շրջապատող աշխարհի խորքային ճանաչման անհրաժեշտության մասին մեզ մտորել տալն է: Օրինակս ռուսի վրա է, քանզի ռուսական արջի  ցանկացած շարժում, անկախ մեր կամ այսպես կոչված միջազգային հանրության թույլ տալ-չտալուց, անկախ ռուսի հետ մեր ունեցած կապերի սերտության աստիճանից, միշտ ճակատագրական ազդեցություն է ունեցել և դեռ ունենալու է մեր վրա: Նույն փոցխին անընդհատ կոխրճողի հիմար վիճակից ազատվելու համար, ժամանակն է, որ մենք աշխարհի հետ առնչվենք ոչ թե նրա կողմից մեզ հրամցված, կամ աշխարհի մասին մեր քաղաքական կուսակցությունների ունեցած պրիմիտիվ դատողությունների շրջանակներում, այլ այդ նույն աշխարհի հետ փոխհարաբերվելուց առաջ խորհենք ու խորապես հասկանանք բոլորի դիտավորություններն ու բուն նպատակները: Սակայն անցնենք Ռուսաստանին: Առաջին համաշխարհային պատերազմ. Ըստ Անգլիայի և Ֆրանսիայի միջև 1916-ին կնքված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրի, հաղթանակի պարագայում, իրենց դաշնակից Ռուսաստանին պիտի անցներին Բոսֆորն ու Դարդանելը, ինչպես նաև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Բիթլիսի մարզերն ու Քրդստանի մի մասը… Ռուս ցարերը մշտապես երազել են ոչ միայն տիրանալ Դարդանելին, ինչպես իրենք էին ասում՝ «Ռուսիո տան մուտքի բանալուն», այլ նաև «տաք ծովեր» ելք ունենալու նպատակով ազատագրել Արևմտահայաստանն ու Հայկական Կիլիկիան: Այս անգամ, կարծես, ամեն բան ընթանում էր համաձայն ծրագրի և երկար սպասված հաղթանակն էլ սարերի ետևում չէր… Սակայն ռուսները գնացին այլ ճանապարհով… Նրանք որոշեցին թքել այդ ամենի վրա ու ռուսաստանում հեղափոխություն անել… Իրենց երկրի կառավարումը նրանք հանձնեցին հեղափոխական անվանվող կասկածելի ծագումնաբանության տեր ինչ որ բախտախնդիրների, որոնք էլ հեղաշրջումից անմիջապես հետո, 1917-ի դեկտեմբերի 5-ին, Երզնկայում՝ որտեղից բաղձալի «տաք ծով»՝ Հայկական Կիլիկիա, հասնելու համար ռուսին երկու օրվա ճանապարհ էր մնացել, գրեթե սատկած թուրքիայի հետ կնքեցին զինադադարի համաձայնագիր, զորքերը ետ քաշեցին ու Արևմտահայաստանը հանձնեցին թրքին: Ավելին, երեք ամիս անց՝ 1918-ի մարտին Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագրով հակառակորդին նվիրաբերեցին մեկ միլիոն քառակուսի կիլոմետրից ավելի տարածք, օտարներին բաժանեցին Ռուսաստանի ոսկու ողջ պաշարը, երկիրը գլորեցին քաղաքացիական պատերազմի հորձանուտն, այն վերածելով ավերակների, սեփական ժողովրդին մատնելով սովի ու տառապանքների… Նման պատմությունները Ռուսաստանին ուղեկցում են սկսած առաջին ցարերի ժամանակներից մինչ մեր օրերը և ով փորձում է տրամաբանել պատմական այս ողբերգական իրադարձությունների բուն պատճառների վերաբերյալ, ռուսները դեմ են տալիս Տյուտչևին, իր «Ռուսիան մտքով չի հասկացվի»-ով: Ի տարբերություն հայերիս նման «փոքր» ազգի, ում կարևորագույն խնդիրը, գոնե իր գրի առնված պատմական ժամանակահատվածում, այս աշխարհում իր կողմից որպես հայրենիք ընկալված հողակտորի վրա իրեն ամեն գնով ոչնչացնել ձգտող հարևանների շրջապատում չկորչելն ու իր ինքնության, իր տեսակի պահպանումն է, որի սակրալ, չգիտակցված նշանակությունը տիեզերական բազմազանության և ներդաշնակության ապահովումն է, Ռուսները մշտապես համակված են գլոբալ, «աշխարհափրկիչ» խնդիրների լուծմամբ… Բոլորովին կարևոր չէ, թե աշխարհը փրկելու «Ռուսական իդեա» կոչվածը որտեղից է հայտնվել նրանց մոտ: Գուցե դա իրոք իրենց քաղաքակրթական առաքելությունն է, գուցե պեղելով ռուսական հոգիներն իրենց մեծ մտածողներն են ներշնչել, որ ռուսները համաշխարհային միսիա ունեն իրականացելու, թե՞ մեկ այլ վարկած կա… Կարևոր չէ՛: Կարևորն այն է, որ նրանք խորապես հավատում են, որ առանց համաշխարհային դերակատարման, ռուսը որպես ռուս, և ռուսիան որպես ռուսիա գոյություն ունենալ չի կարող, և միայն իրենց միջոցով է, որ աշխարհում կարող է իրական խաղաղություն և արդարություն հաստատվել: «Աշխարհը փրկելու» իրենց առաքելական մտահղացումների իրականացման ճանապարհին, աշխարհաճանաչողության իրենց ունեցած սահմանները ընդլայնելով նոր գաղափարներ մշակելու, դրանք բազմակողմանի քննության ենթարկելուց հետո, գործողությունների ռազմավարական ծրագրեր կազմելու և նոր միայն գործելու փոխարեն, ռուսներն առանց երկար բարակ մտածելու, սկսում են գործել: Չմտածված գործունեության մոլեռանդությունը երբեմն այն աստիճանի է հասնում, որ գործողությունները կտրվում, առաջ են ընկնում գաղափարներից, դառնում բացարձակ ինքնանպատակ, շատ անգամ հայտարարված գաղափարներին հակընդդեմ: Այսինքն սկսում է աշխատել Բեռնշտեյնի հայտնի «Շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը՝ ոչինչ» թեզը: Իրականում աննպատակ այս գործունեության ընթացքում, ռուսները պատրաստ են գնալ ցանկացած զրկանքների, ոչնչացնել իրենց բոլոր նախորդ մշակութային ձեռքբերումներն ու նյութական կուտակումները, հակադրվել ողջ աշխարհին, զոհաբերել միլիոնավոր մարդկային կյանքեր… Ռուսական ինքնաոչնչացման այս «զվարճանքը» որպես օրենք հրահրում և դրանից միշտ օգտվում են նրա թշնամիները… Այսպես էր 1917-ին, գորբաչովյան պերեստրոյկայի ժամանակներում, 1991-ին և ինչու ոչ, այսպես է կարծես նաև հիմա: Ի տարբերություն ռուսների, ովքեր առանց խորը մտածելու մշտապես համակված են «աշխարհը փոխելու» մոլեռանդությամբ, ինքնապահպանման խնդրի լուծման փնտրտուքը, մեզ՝ հայերիս մշտապես բերել, հասցրել է ինքնաոչնչացման ճամփան բռնած «աշխարհը փրկելու» և նոր՝ «ճիշտ աշխարհ» կառուցելու գաղափարին: Աշխարհ, որտեղ «ցորենի հատիկը մասուրի չափ, իսկ գարին՝ ընկույզի չափ կլինի»: Ահա այսօր էլ, մենք գնալով ավելի ու ավելի ենք համոզվում, որ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ այս փուչ աշխարհում լուծումներ չունի և շատերի մոտ ենթագիտակցորեն, իսկ ոմանց գիտակցության մեջ արդեն, նոր աշխարհի մի որոշակի պատկեր է ուրվագծվում: Պարադոքսալ բան է, սակայն այնպես է ստացվում, որ մենք և ռուսները, կարծես, մի շղթայով շղթայված լինենք… Նորից դառնանք ռուսներին, սակայն շարադրելիքս վերաբերվում է ոչ միայն նրանց, այլ ամենքին, գուցե առաջին հերթին ՀԱՅՈՒԹՅԱՆԸ: Որևէ գործողություն ծավալելուց առաջ Ռուսաստանը վերջապես պիտի հասկանա, որ եթե ինքն ունեցել էլ է, ապա վաղուց կորստյան է մատնել Արարչականորեն իրեն շնորհված քաղաքակրթական նախասահմանվածությունները, արդյունքում վերածվելով ընդարձակ տարածք, հարուստ ընդերք, բազմազգ ժողովուրդ և իհարկե մեծաքանակ զենք-զինամթերք ունեցող մի միավորի, ում այսօր ով ասես վրան մատ թափ տալով «խելք է սովորեցնում»: Ռուսաստանն, ի դեմս պետականաստեղծ Ռուս ժողովրդի, մոռացության է մատնել իր կարևորագույն ուղենիշները, իր հիմնարար հոգևոր արժեքներն ու առաքինությունները, գլխավ որագույն նպատակները, պետության ու ժողովրդի գոյության համար կենսական նշանակություն ունեցող գլոբալ գաղափարները, ինչի հետևանքով վեր է ածվել անդեմ, բացառապես իր մարմնավոր պահանջների բավարարման մասին մտածող «սպառողական հասարակությամբ» բնակեցված մի գոյացության: Ռուսաստանը մահացել է ոգեղենորեն, որին աներկբայորեն հաջորդելու է ֆիզիկական վախճանը: Սա աքսիոմա է: Իր անցած-գնացած հզորության ու կորսված ազդեցությունների վերականգմանն ուղղված հոգևոր որևէ առանցքից զուրկ տարանուն միջազգային կառույցների ստեղծման Ռուսաստանի այսօրվա շարժմունքները, ոչ այլ ինչ են, եթե ոչ ժամանակի անօգուտ վատնում: Ռուսաստանը, սեփական կործանումը կանխելու, պետականության մեռնող մարմինը վերակենդանացնելու, «աշխարհը փրկելու» միայն մեկ ճանապարհ ունի: Քանի դեռ ուշ չէ, նա պիտի փորձ անի հարություն տալ սեփական հոգևոր արժեքներին, պիտի վերածնի սեփական ազգային գաղափարն ու վերակրթելով սեփական ժողովրդին, հավասարը հավասարի համագործակցելով ԷՈՒԹՅԱՄԲ եղբայր, իր հետ «նույն շղթայով շղթայվածների» հետ, միասնաբար փորձի գտնել այս ինքնասպառված աշխարհը կործանումից փրկելու և նոր, եղածից էապես տարբերվող, բացառապես այլ, նյութականից չկառչած արժեքային համակարգի վրա հենված մարդկային ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ «ճիշտ աշխարհ» կառուցելու միակ ճշմարիտ ՈՒՂԻՆ: Մտածենք այս մասին և մենք ևս սկսենք շարժումն հենց այս ուղղությամբ, քանզի ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂՈՒ որոնման ճանապարհին Իլյա Մուրոմեցն ու իր եղբայրները հասունանալով, իմաստության գաղտնիքների ետևից պիտի գան Սվյատոգորի՝ ՍՈՒՐԲ ԼԵՌԱՆ մոտ… Պատրաստ լինենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել