Մախլուտոն իր մարտական ընկերոջ` Մշեցի Տիգրանի հետ դեպի Կարս գնալիս, ճանապարհին Ալյուր գյուղի մոտերքում մի բրուտանոց են մտնում` ջրի համար փոքրիկ կուժ գնելու համար: Նայում են բրուտանոցի պատերի տակ, իրար կողք կողքի շարված են կժերն ու պուլիկները: Բրուտագործին, որը վասպուրականցի էր, բարևելուց հետո ցանկանում են մի կուժ գտնել: Նա էլ սիրով ընդունում է տղաներին և մի լավ կուժ ընտրելով` տալիս նրանց: Մինչ Տիգրանը սակարկում էր կժի մասին, Մախլուտոն նրա ձեռքից վերցնում է կուժն ու նայելով բրուտագործին`  ասում. «Արի պայման կնքենք: Ես փչեմ քո կժի մեջ, եթե չպայթեց, կառնենք, իսկ եթե պայթեց, վնասը դու կքաշես»: Բրուտագործը նախ զարմանում է և հետո  հպարտ տեսք ընդունելով` համաձայնում` մտածելով, թե այս մարդը ինչ ուժի տեր է, որ իր սարքած կժերը փչելով պայթեցնի: Մախլուտոն վերցնում է կուժը և կժի բերանը շրթունքներին հպելով` ուժգին փչում կժի մեջ, որից կուժը տրաքում է` կտոր-կտոր  լինելով, իսկ բռնակը մնում Մախլուտոյի ձեռքին: Բրուտագործը զարմացած քարանում է: Մախլուտոն վերցնում է երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, և բոլորը նույն բախտին են արժանանում: Բրուտագործը էլ չի դիմանում և խիստ զայրացած նրանց դուրս է հրավիրում բրուտանոցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել