Civilnet.am-ը գրում է.

Կիրակի ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի միջոցով իմ էջում հայտնվեց Ծաղկաձորում երիտ-հանրապետականների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո արված այս լուսանկարը:

Ինչ հպարտ են բոլորը, չէ՞: Կիսաժպիտ, կիսալուրջ, բայց հպարտ:

Հավանաբար վաղուց չէին հանդիպել, կարոտել էին առաջնոդին: Երիտասարդները հավանաբար շատ շոյված էին, որ ծանր ճամփորդությունից հետո իրենց նախագահը ժամանակ ու ցանկություն է ունեցել հանդիպել ու կիսվել աստանայական տպավորություններով (ափսոս` տհաճ տպավորություններով):

Գովելի է նաև, որ երիտասարդները բարձրացրել էին Աստանայում ընթերցված Ալիևի նամակին լուռ հառաչով  պատասխանելու ենթատեքստի հարցը: Տպավորություն է, թե նրանք իսկապես հետևում են երկրի արտաքին քաղաքական «զարգացումներին» ու իրենց նախագահի քայլերին:

Միայն թե… իսկապե՞ս այդպես է:

Ընդամենը մի քանի ամիս առաջ մի խումբ երիտ-հանրապետականներ շատ լուրջ պատասխանատվությամբ ստանձնել էին Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության անվտանգությունն ու ջանք չէին խնայում «վտանգավոր» լրագրողներին հեռու պահելու սրահից: Տղաները փողոցային վարքի բոլոր դրսևորումներով կանգնեցին իրենց քաղաքապետի թասիբին ու բարով-խերով կատարեցին կուսակցական պարտքը: Հենց այդ միջադեպից հետո էլ ձևավորվեց երիտ-հանրապետականների ընդհանրացված կերպարը` Սաքուլիկը` թաղային միկրո-հեղինակություն, որը, հանուն սիրելի կուսակցության ու երկրի նախագահի, հավանաբար, մասնակցել է ընտրությունների ժամանակ արվող կեղծարարություններին, բակային կռիվների ժամանակ քարը քարին է դրել` հանուն «ավելի լավ Երևանի», և միշտ թասիբով կանգնել է կուսակցական արժեքների ու գաղափարախոսության նկատմամբ ոտնձգությունների դեմ: Նա, հավանաբար, ամեն տարի հպարտությամբ հագնում է եռագույնի կարմիր, կապույտ կամ ծիրանագույն բազեական շապիկն ու ինքնահաստատվում ճամբարային հայրենասիրության այդ մի քանի օրերի ընթացքում: Ամեն ինչ` հանուն ներքին միատարրության ու անդորրի, որպեսզի դրսից պատկերը հարթ լինի:

Հիմա, ինչպե՞ս հասկանալ էս խիստ սկզբունքային երիտասարդների այսօրվա ոգևորությունը:

Տղե՛րք, աղջիկնե՛ր, դուք իսկապե՞ս այս տեսագրությունը դիտել եք ու չե՞ք վրդովվել: Դուք տեսել եք, թե ինչպես է ձեր առաջնորդը կարկամում ու հազիվ մի հուսահատ հոգոց հանում, երբ մեր պետականության ամենամեծ հաղթանակը կասկածի տակ է դրվում հարևան (պարտված) երկրի նախագահի նամակո՞վ: Դուք տեսնում եք ձեր առաջնորդի խեղճ ու ճնշված տեսքը միջազգային ասպարեզում ու վատ չե՞ք զգում: Ձեր անհանդուրժող թասիբը ձեզ չի՞ նեղացնում էդ պահին: Դուք, որ ի տարբերություն մյուս մահկանացուներիս, եզակի հնարավորություն ունեք նրա հետ մի քանի ժամ անմիջական շփվել (ես անձամբ նրա ֆիզիկական ներկայությունը անցած 6 տարիներին միայն աշխատանքիս կամ տան ճանապարհը կտրող սև ու պաշտպանիչ ավտոշարասյան տեսքով եմ զգացել. այն էլ` նրա` էդ մեքենաներից որևէ մեկում պատսպարված լինել-չլինելը էական տարբերություն չի տալիս, միևնույն է` ինձնից հասնում է մի 10-15 րոպե սպասել, որ աներևույթ նախագահն անցնի), դուք չուզեցի՞ք մի կարգին «հաշվետվություն» պահանջել երկիրը աշխարհի առաջ խայտառակելու համար: Չմտահոգվեցի՞ք, որ այդ նույն առաջնորդը, որը ձեզ ստիպում է աջուձախ տղայավարի «կիլդիմ բռնել», կռիվ տալ` հանուն արծիվով կրծքանշանի, էնքան տղամարդկություն չունեցավ, որ թեկուզ դիվանագիտական կանոններին հակառակ (մեկ է` տպավորություն է, որ նրա վարչակազմը չգիտի էլ այդ կանոնները)՝ միացներ բարձրախոսն ու մի լավ պատասխան տար նազաբաևաալիևական զառանցանքին, չթողներ, որ էդպես հանգիստ ու քամահրական ձևով թքեին երկրի երեսին: Փոխարենը, հազիվ մի տխուր հոգոցով պատասխանեց մեր պետությանը վերաբերող սպառնալիք-նամակի ընթերցմանը` կուլ տալով իրեն ու մեզ ուղղված ամբողջ հեգնանքն ու նսեմացումը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել