Գրեթե ցանկացած սերիալում հերոսը դառնում է սայլակով հաշմանդամ... Վեջին ժամանակներս կայքերը, բլոգները և սոցցանցերը ողողված են հակասերիալային հոդվածներով և քննարկումներով: Հասարակության ձայնը ուշացումով, թե ժամանակին, այնուամենայնիվ, բարձրացվեց: Կարծես թե սերիալային բոլոր խնդիրները բարձաձայնվեցին, բայց արի ու տես, որ հավասարազոր մի խնդիր բաց է թողնվել: Խոսքն այն մասին է, որ գրեթե ցանկացած սերիալում հերոսը դառնում է սայլակով հաշմանդամ, այսինքն կերտում են հաշմանդամություն ունեցող մարդու խղճուկ, պաշտպանության կարիք ունեցողի կերպար՝ դրանով իսկ ամրապնդելով առանց այդ էլ հասարակության կարծրացած կարծիքն ու վերաբերմունքը նմանատիպ մարդկանց : Փոխարենը ավելի հզոր կերպար ստեղծելու, որը գոնե իրականությանը կներկայացնի մեկին, ով փորձում է պայքարել այդ խնդիրների դեմ, օգտագործում են «Ես հաշմանդամ չեմ, որ չկարողանամ աշխատել ընտանիքս պահելու համար» արտահայտությունը, այն էլ փրայմ թայմին: Դա անձնական վիրավորանք է բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն սահմանափակ հնարավորություններ: 
Ինքս առաջին կարգի հաշմանդամ եմ, բայց դա ինձ որևէ կերպ չի խոչընդոտում աշխատանքիս: Ժամանակ առ ժամանակ, բուժումներ ստանալիս, օգտվում եմ սայլակից, հիմա ինչ այդ ժամանկահատվածում դառնում եմ խղճու՞կ, պաշտպանության կարիք ունեցող մի անհա՞տ: Ի գիտություն բոլոր սերիալի սցենարիստներին, ասեմ, որ դա թյուր կարծիք է: 
Ունեմ նաև շատ հաշմանդամ ընկերները, բայց նրանք աշխատում են եւ մի քանի աշխատանքներ են անում ու տարբեր զբաղմունքներ ունեն, տարբեր պաշտոններ են զբաղեցնում, եւ նման արտահայտություն հնչեցնելը միանգամից վիրավորում է հազարավոր մարդկանց: Հետո ի՞նչ, որ մենք հաշմանդամներս, ամեն անգամ չենք բարձրաձայնում վիրավորանքը, չենք բողոքում, դա նշանակում է, որ մարդկանց հրապարակայնորեն կարելի է վիրավորե՞լ: Հեռուստանովելներում այս սխալ տերմինալոգիայի օգտագործումը, հաշմանդամ մարդկանց նկատմամբ սխալ պատկերացումներ ներկայացնելը, խոսում է սցենարիստի ոչ իրազեկված լինելու մասին: Մարդը, ով իրազեկ չէ այդ թեմայից եւ խնդրից, ինչ-որ բան անելուց առաջ գոնե պետք է մի փոքր ուսումնասիրի, հետո նոր միայն ստեղծի կերպար, հատկապես հեռուստատեսությամբ եթեր հեռարձակելու համար: Պետք է նրբանկատ լինել նման հարցերում: 
Պարզապես մեկ պարզ ճշմարտություն, որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից, չնայած պատը մնում է պատ, պակասում է մի լավ ճակատ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել