Ալաշկերտի օպերացիա՝ 1915թ. ռուսական բանակի պաշտպանողական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում առաջին համաշխարհային պատերազմիժամանակ (հուլիս-օգոստոս)։

1915-ի գարնանը գերմանա-թուրքական հրամանատարությունը փորձում էր ռազմական ճնշման միջոցով Պարսկաստանն ու Աֆղանստանը ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Թշնամու ծրագիրը ձախողելու նպատակով ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսը (հրամանատար՝ գեներալ Օգանովսկի) անցավ հարձակման և հաղթական կռիվներով թուրքական զորքերին դուրս մղեց Պարսկաստանի հյուսիս-արևմտյան շրջաններից, Վանա լճի և Արածանու ավազաններից։ Այդ գործողություններին մասնակցում էր հայ կամավորների Արարատյան ջոկատը՝ Վարդանի հրամանատարությամբ։
Հուլիսի 8-ին 4-րդ կորպուսի զորամասերը հասան Մերգեմերի լեռնանցք –Կոպ – Լիզ – Չուխուր-Նորշեն – Կոտոմ – Շատախ գիծը՝ պատրաստվելու արշավել Մուշ և Բիթլիս (Բաղեշ)։ Ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով թուրքական 3-րդ բանակի հարվածային զորախումբը (89 գումարտակ, 48 հեծելավաշտ և հարյուրյակ, 6000-անոցքրդական անկանոն զորախումբ) Աբդուլ Քերիմ փաշայի հրամանատարությամբ հուլիսի 9-ին անցավ հակահարձակման՝ Կոպ –Մանազկերտ –Ալաշկերտ ուղղությամբ։ 4-րդ կորպուսը նահանջեց դեպի Հայկական Պարի հարավային փեշերը։ Հայ բնակչությունը տեղահան եղավ։
Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ (24 գումարտակ, 1 աշխարհազորային խումբ, 31 հարյուրյակ և հրետանի), որը հուլիսի 22-ին գեներալ Ն. Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի ձախ թևին ու թիկունքին։ Հուլիսի 23-ին զորախումբը 4-րդ կորպուսի նահանջած զորամասերի հետ միասին անցավ հակահարձակման և, Ալաշկերտի հովիտը թուրքերից մաքրելով, օգոստոսի սկզբին գլխավոր ուժերով ամրացավՄերգեմերի լեռնանցք – Բուրնու – Բուլախ – Արճեշ գծին։
Ալաշկերտի օպերացիայի ժամանակ թուրքերի կորուստը կազմեց ավելի քան 7000 սպանված և 400 գերի։ Ալաշկերտի օպերացիան հեշտացրեց ռուսական բանակի հետագա գործողությունները, մասնավորապես՝Էրզրումի գրավումը։ Ձախողվեցին գերմանա-թուրքական հրամանատարության՝ ռուսական Կովկասյան բանակի հիմնական խմբավորման թիկունքը դուրս գալու, ինչպես նաև Պարսկաստանի ու Աֆղանստանի վրա ճնշում գործադրելու ծրագրերը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել