Արդեն ավելի քան 20 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է պատերազմական իրադրությունում (վերջերս լրացավ զինադադարի 20-ամյակը, սակայն Ղարաբաղյան հիմնախնդիրը դեռևս չի ստացել իր վերջնական լուծումը, շարունակվում են հայ-ադրբեջանական լարված հարաբերությունները, որոնք կարող են ամեն պահի վերածվել պատերազմական գործողությունների): Այս պայմաններում, երբեք չի կարելի բացառել պատերազմի վերսկսման վտանգի առկայությունը, որը պարտավորեցնում է մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ՀՀ իշխանություններին, մշտապես պատրաստ լինել ցանկացած պատերազմական մարտահրվերի: Անխոս, կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է ստեղծել կայուն, զորեղ և մարտունակ բանակ, որը մշտապես համալրվում է նոր զինատեսակներով, սակայն անվիճելի հաղթանակի համար, կարծում եմ, մեզ անհրաժեշտ է ուժերի և միջոցների գերլարում (հայ ժողովուրդն ուժեղ և հաղթող է միայն այն ժամանակ, երբ լիովին համախմբված է և իրենից ներկայացնում է մեկ միասնական, հզոր բռունցք): Այս միասնականությունն ու հզորությունն ավելի ամրապնդելու ակնկալիքով՝ առաջարկում եմ ՀՀ ՊՆ պատասխանատու մարմիններին պարբերաբար կազմակերպել մի քանի օր տևող ռազմական պարապմունքներ՝ այդ պարապմունքների շրջանակներում առաջին հերթին ընդգրկելով այն անձանց, ովքեր առողջական խնդիրների կամ ուսման պատճառով (հետբուհական կրթություն՝ ասպիրանտուրա) ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից (նշեմ, որ ես ինքս էլ պատկանում եմ վերոնշյալ անձանց թվին), իսկ երկրորդ հերթին այն անձանց, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, սակայն կցանկանան էլ ավելի կատարելագործել և զարգացնել իրենց ռազմական ունակությունները: Կարծում եմ, որ այդ պարապմունքները պետք է անցկացվեն զորամասային պայմաններում՝ կրելով կամավոր բնույթ: Այս գաղափարն ինձ մոտ հղացավ ակամայից, երբ մտորում էի այն մասին, թե պատերազմի դեպքում ի՞նչ կերպ կարող եմ օգտակար լինել Հայրենիքիս, եթե չեմ տիրապետում որևէ զինատեսակի, չեմ ստացել բավականին լուրջ ռազմական պատրաստվածություն, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանամ իմ չնչին նպաստը ցուցաբերել Հայրենիքիս պաշտպանության վեհ գործին: Վստահ եմ, որ նման ծրագրի իրականացման դեպքում կգտնվեն ինձ պես հարյուրավոր-հազարավոր հայորդիներ, ովքեր մեծ սիրով և նվիրումով կմասնակցեն, ձեռք կբերեն ռազմական գիտելիքներ և պատրաստվածություն, որպեսզի հարկ եղած դեպքում, համախմբվելով մեկ միասնական և հզոր բռունցքի նման, վերջնական և կործանիչ հարված հասցնեն մեր թշնամիներին: Կարծում եմ, որ ծրագրին մեծ հաճույքով կմասնակցեն նաև սփյուռքահայ մեր եղբայրները, որոնք ցանկացած վտանգի դեպքում պատրաստ են լինել մեր կողքին և զենքով պայքարել հանուն մեր Մեծ Հայրենիքի փոքրիկ պատառիկի պաշտպանության և հաղթանակի: Ծրագիրը կարող է նպաստել նաև Հայրենիք-սփյուռք կապերի սերտացմանն ու հզորացմանը:

ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ՝ Վահե Մոսինյան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել