Ամեն ինչ լղոզվել է ` օբյեկտիվն ու սուբյեկտիվը, հիմարն ու խելոքը, լրագրողն ու սովորական անդաստիարակը, պատգամավորն ու քուչի լավ տղեն։ Ու ամենավատը էն է, որ բոլորս էդ ամեն ինչի սպառողն ենք դարձել, ծայրահեղ անկարևոր բաները դարձել են շատերիս ինքնադրսևորման միջոցը։

Վերնիսաժում օրը ցերեկով 5 հոգու վրա կրակեցին, ու դա էնքան չդարձավ աժիոտաժի, «վերլուծաբանների» ստատուսների, «տոլերանտների», «ազատամիտների» ու «դուխավիկների» քննադատության, ինքնաարտահայտման թեմա, ինչքան Ինգա-Անուշի, Ստյոպա Սաֆարյանի, Շուշան Պետրոսյանի հնչեցրած մտքերը, որոնք, իրականում, շատ անկարևոր են, նույնիսկ Հայաստանի պես փոքր երկրում։ Ոչ ոք չհայհոյեց կրակողին, համենայն դեպս նման գրառում չեմ նկատել, բայց, չգիտես ինչու, «դուխավիկների» բառապաշարը աննախադեպ զարթոնք ապրեց Ինգա-Անուշ-Ստյոպա «հակամարտության» դեպքում։ Ոչ ոք (կամ գոնե շատերը) չխոսեց Վերնիսաժում կրակողի ֆիզիկական առանձնահատկությունների մասին, բայց Շուշանի դեպքում տեղացի Ապոլոններն ու Անահիտները սկսեցին ռեպլիկներ թողնել երգչուհի-պատգամավորի քաշի հետ կապված։ «Յաաա, Ասողիկ քահանան էս ի՞նչ ա ասում, բա մի հատ չթռնե՞մ դեմքին»։ Ու ինչքան էլ չեմ կիսում Ասողիկի ասածը, ինձ մեկ է` ինքը կասի դա, թե չէ. իմ կյանքում, իմ աշխարհայացքում դրանից ոչինչ չի փոխվում, ոչ էլ Շուշան Պետրոսյանի ասածից։ Բայց իմ կյանքը փոխվում է, երբ սկսում եմ մտածել. «Բա որ ես կամ ընտանիքիս անդամնե՞րը լինեինք Վերնիսաժում»։

Ամեն մեկս մեզ համար ընտրում ենք ինչի մասին լրջորեն մտածել, ինչի մասին` ոչ, բայց փոքր մասշտաբներում լող տալն ու անկարևոր բաներին օրվա 2% - ից ավելին նվիրելը ոչ մի լավ բանի չի բերի, հատկապես գոնե մի քիչ մտածող մարդկանց։ Իսկ ինչ-որ մեկին, հատկապես կնոջը, ամենազզվելի ձևով վիրավորելը արդեն, մեղմ ասած, վատ է, ու էստեղ արդեն հետդարձի ճամփա չկա. էսօր անտեղի վիրավորում ես, վաղը Վերնիսաժում էլ կկրակես։  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել