G.GyurjievԳեորգի Գյուրջիևը ծնվել է Ալեքսանդրապոլում՝ Տիխայա փողոցի թիվ 35 տանը: Ականատեսները վկայում են, որ նա ծնվել է լայն բացած աչքերով, անձայն, անճիչ:

Ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ. ոմանք ասում են 1866 թ., ոմանք` 1872 թ. կամ 1877 թ.:
Տարիներ անց, երբ նա ԱՄՆ էր մեկնում, սահմանապահ ծառայությունը նրա անձնագրում սխալ հայտնաբերեց. այնտեղ գրված էր հեռավոր ապագայի մի թվական…19… «Միևնույն է, այդպես էլ կա»,- անվրդով ասել է Գյուրջիևը սահմանապահին: Ամեն դեպքում, նրա ծննդյան թվականը ընդունված է համարել 1866 թ. հունվարի 13-ը:
Նրա հայրը Գյումրիում հայտնի գուսան ուստա Ադաշն էր, որ Վրաստանից Գյումրի տեղափոխված քաղկեդոնիկ հայերից էր և գնդակահարվեց թուրքերի կողմից 1918 թ., մայրը` Եվան, գյումրեցի էր:
Ապագա միստիկ փիլիսոփան նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի ծխական եկեղեցուն կից դպրոցում, սովորել է Ավետիք Իսահակյանի հետ: Ապա նրա ուսուցիչը` Գյումրիի ուղղափառ եկեղեցու Բորշ քահանան, նրան ուղարկում է Կարս` ուսումը շարունակելու:
Գյուրջիևը մանկուց ընկերություն էր անում Ավետիք Իսահակյանի հետ և Փարիզում հաճախ էր հյուրընկալում բանաստեղծին:
Գեորգի Գյուրջիևը անբաժան ընկերոջ` Սարգիս Պողոսյանի հետ երկար ժամանակ էր անցկացնում Անիում` ուսումնասիրելով հայկական տաճարների կառուցվածքն ու նրանց խորհրդանշանները:
Դրանից հետո սկսվեց հայոց հին մատյանների ուսումնասիրությունը:
Նա հայոց մատյաններում միստիկ երևույթներ էր որոնում: Եվ ահա մի օր նրա ձեռքն է ընկնում գրաբար հայերենով մի մատյան, որը պատմում է հազարամյակներ առաջ Բաբելոնում գործած մի ընկերակցության մասին: Դա կլանում է Գյուրջիևին: Այլևս նրա կյանքի ուղին նախանշված էր:
Գյուրջիևը սկսեց հին հայկական փիլիսոփայությունից, ապա անցավ Գիլգամեշին, միջագետքյան քաղաքակրթությանը, ապա եվրոպական միստիկ փիլիսոփայությանը:
22 տարեկանում նա ճամփորդեց ողջ Ասիայում` Չինաստան, Տիբեթ, Հնդկաստան, Աֆղանստան, Միջին Ասիա, եղավ բազում խորհրդավոր վայրերում, ուսումնասիրեց շատ կրոններ և ուսմունքներ, այցելեց գաղտնի միաբանություններ, ընկերակցություններ:
Տեղափոխվելով Թիֆլիս` նա ուսումնասիրեց նաև արևելյան փիլիսոփայություն: Աշխատում էր երկաթուղային կայարանում: Սակայն գումարը, միևնույն է, չէր բավականացնում, քանզի ամբողջը տալիս էր գրքերի և փաստաթղթերի ձեռքբերմանը, ճամփորդելուն:
Նա մի քանի գաղտնի ընկերությունների և միաբանությունների անդամ էր: Այնտեղ հանդիպեց նաև իշխան Նիժարաձեին` Իոսիֆ Ստալինին…
Նա Ստալինին սովորեցրեց իր մոգական պարերը, հաղորդակից դարձրեց մոգական երաժշտությանը:

Առաջին դասախոսությունը Գյուրջիևը կարդաց 1912 թ. Պետերբուրգում և Մոսկվայում: Նրա մոտ անսպասելիորեն մեծ լսարան հավաքվեց: Գեորգի Գյուրջիևն արագ ճանաչում և համբավ ստացավ:
1919 թ. Գյուրջիևը Թիֆլիսում հիմնեց Մարդու հարմոնիկ զարգացման ինստիտուտը: Այն կարճ ժամանակում ճանաչում ստացավ, սակայն նույնքան կարճ ժամանակ անց էլ փակվեց: Գյուրջիևը աշակերտների հետ տեղափոխվեց Ֆրանսիա, ուր Ֆոնտենբլոյի մոտակայքում գնեց Ավոն ամրոցը և հաստատվեց այնտեղ: Շատ չանցած` նա աներևակայելի ճանաչում ստացավ: Թեպետ շատերը նրան շառլատան, սուտասան ու խաբեբա էին անվանում, նրա մոտ ողջ Եվրոպայից և ԱՄՆ-ից մարդկանց մեծ հերթեր էին գոյանում:
Նրա ինստիտուտում պարապմունքները մեծ մասամբ բաղկացած էին աշխատանքից և պարերից:
Նրա հյուրերը աշխատում էին. կերակրում խոզերին, մաքրություն պահպանում, հող էին մշակում: Ապա զբաղվում էին միստիկ, մոգական պարերով և բալետով: Գյուրջիևը բալետի համար հատուկ պարային վարժաձևեր մշակեց, որոնց շնորհիվ կատարողները միստիկ շարժումներով հատուկ հոգեվիճակի էին հասնում:
Բնականաբար, հոգևորականները և ոչ միայն նրանք, Գյուրջիևին մեղադրեցին սատանիզմի և կախարդության մեջ: Ոմանք նրան համարում էին սև, ոմանք` սպիտակ մոգության վարպետ: Սակայն, որքան հալածում էին նրան, այնքան ավելի էր աճում նրա` որպես միստիկ փիլիսոփայի հեղինակությունը:
1923 թ. Փարիզի Ելիսեյան դաշտերում տված ներկայացումը իսկական փառք բերեց Գյուրջիևին: Բազմահազար հանդիսատեսներ ժամերով ականատես եղան նրա հիմնադրած արվեստին: Արվեստ, որի ակունքները մարդու հոգեկանից, ներաշխարհից ու նրա տիեզերական կապից էին առաջացել: Գյուրջիևը համաշխարհային ճանաչում ստացավ: Դրան հետևեցին հյուրախաղերը ԱՄՆ-ում:
1949 թ. դեկտեմբերի 29-ին Գյուրջիևը զոհվեց ավտովթարից: Նա շատ արագ էր վարում մեքենան, սակայն շատերը համոզված էին, որ դա պատահական վթար չէր, այլ կանխամտածված սպանություն: Ականատեսները պատմում են, որ թաղման արարողապետը, որ կենդանության օրոք չի ճանաչել Գյուրջիևին, հուզված նրա վեհ և պատկառելի տեսքից, ակամա սկսել է բարձրաձայն հեկեկալ:
Մինչ այդ` 1924 թ., նա դարձյալ վթարի էր ենթարկվել: Սակայն կանխազգացել էր վտանգը: Պատմում են, որ Գյուրջիևն իրեն տարօրինակ էր պահում: Մասնավորապես, մեխանիկներին կարգադրել էր լավ ստուգել մեքենայի սարքինությունը: Բայց և այնպես, հրաժարվել է իր հետ Փարիզից Ֆոնտենբլո հասցնել մադամ դը Գարտմանին, չնայած ինքն էր նրան Փարիզ բերել: Գյուրջիևը պնդեց, որ մադամը գնացքով վերադառնա, իսկ ինքը ճանապարհ ընկավ մեքենայով: Ճակատագրից չես փախչի: Չնայած կանխազգացել է վտանգը, սովորականի պես արագ է վարել մեքենան և կորցնելով կառավարումը` բախվել է ծառին: Վթարի ականատեսները ոստիկանություն և բժիշկ են կանչում: Բոլորը կարծում են, թե Գյուրջիևը մահացել է: Միայն դիահերձարանում է պարզվում, որ նա ողջ է: Մեկ ամիս անց նա ոտքի է կանգնում` տեսողությունը և հիշողությունը կորցրած: Սակայն Գյուրջիևն արագ է ապաքինվում:

1912 թ. Գյուրջիևը այցելել է Մոսկվա, իր ազգականին` Սերգեյ Մերկուրովին: Նա Գյուրջիևին ծանոթացրել է Դավիթ Բեհբութովի հետ, որը տեղական մասոնական օթյակներից մեկի հիմնադիրն էր: Գյուրջիևն ու Բեհբութովն արագ ընկերացան: Նրանք նաև միասին ճամփորդության մեկնեցին Պոլիս, ուր հանդիպումներ ունեցան երիտթուրքերի ղեկավարության հետ:
Պոլսում Գյուրջիևն ու Բեհբութովը ծանոթացան Ռուդոլֆ ֆոն Զեբոտենդորֆի հետ, որը «Տուլեի հանրություն» գաղտնի կազմակերպության հիմնադիրներից էր, որտեղ էլ մշակում էին ապագա գերմանական երրորդ ռեյխի աշխարհայացքը և մտորում իդեալական մարդու կերպար ստեղծելու մասին: Կան վկայություններ անգամ, որ Գյուրջիևը 1920-ական թթ. հիպնոսի մի քանի դասեր է տվել Ադոլֆ Շիկելգլիկեր-Հիտլերին:
Հենց Գյուրջիևի խորհրդով հայկական հավերժախաչը դարձավ գերմանական ռեյխի խորհրդանիշը:
Հետագայում, գուցե հենց այդ միստիկայով շարժվելով, Գերմանիան ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը սկսեց հունիսի 22-ին, երբ արի հայերը տոնում էին ռազմի աստված Վահագնի փառաբանության տոնը:
Ինչևէ, Գեորգի Գյուրջիևն այլևս պատմություն է դարձել, բայց նրա հիմնած դպրոցը կա, կան նաև Գյուրջիևյան սկզբունքները.
ա. Փորձի՛ր հասկանալ երևույթների արմատն այն խորությամբ, ինչը մյուսները համարում են գաղտնի և հանելուկային:
բ. Երբեք մի՛ արա մի գործ միայն նրա համար, որ այն անում են նաև ուրիշները:
գ. Երբեք մի՛ մտածիր և վարվիր այլոց պես:
դ. Վստահի՛ր միայն քո աշխարհայացքին:

Իսկ հիմնական սկզբունքը հետևյալն էր. իմացյալ հավատն ազատություն է,զգացմունքային հավատը` ստրկություն, մեթոդիկ հավատը` հիմարություն։

Վահե Անթանեսյան
Աղբյուրը`  ankakh.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել