Պատկերացրեք իրավիճակ, որտեղ Ռուսաստանի դեսպանը հայտարարություն տարածի, թե Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը պետք է Ադրբեջանին հանձնեն Քելբաջարը, Լաչինը, ողջ Քաշաթաղը մինչև Արաքս գետ, ու այնտեղից էլ տարածքը դեպի Հորադիզ, ինչպես նաև Աղդամի հարթավայրը ամբողջությամբ, թողնելով Ստեփանակերտը ու Ասկերանը արևելքից ու արևմուտքից անպաշտպան, ինչի արդյունքւմ հետագա հնարավոր պատերազմի ժամանակ Ադրբեջանից կպահանջվի մինչև 2 օր Արցախը ամբողջովին գրավելու համար։ Նման հայտարարությանը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես կարձագանքի այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը». մոլի ցույցը դեսպանատան դիմաց ու վայնասունը սոցիալական ցանցերում ապահովված է։

Սակայն նման հայտարարություն այսօր տարածեց ԱՄՆ դեսպանը, որը մինչ այս աչքի չէր ընկել որևէ հակահայկական հայտարարություններով։ Իր գրառման մեջ Հեֆերնը լիովին աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությանը։

Գրեթե 24 ժամ անցել է հայտարարությունից։ Միակ արձագանքողները Ամերիկայի Հայ Դատի կոմիտեն է, Արցախի ԱԳՆ–ն ու մի քանի տեղական քաղաքագետ։ Քաղաքացիական հասարակությունը լուռ է, ցույց ԱՄՆ դեսպանատան մոտ չի անցկացվում, սուր համայն քննադատները լուռ են, իրավապաշտպանները, ովքեր պատեհ-անպատեհ առիթներով քաղաքական հայտարարություններ են անում, որպես կանոն, տնտեսական քննադատություններով հանդես գալիս ձեռքի հետ, լեզուն կուլ տված նստած են։ Երևի սեփական գումարների աղբյուրների համար են սեփական վախենում, չգիտեմ։ Ու այսքանից հետո չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անի ԱՄՆ-ն, որ մարդիկ հասկանան, որ գերտերությունները ամեն մեկը իր հերթին իր շահն ունի, ու քննադատել պետք է Ռուսաստանին այն ժամանակ, երբ Ռուսաստանի շահը մերի հետ չի համապատասխանում, ու քննադատել ԱՄՆ-ին, երբ ԱՄՆ-ի շահը մերին չի համապատասխանում, իսկ ԱՄՆ տասնյակ ֆոնդերի գումարներով սնվել, ռուսական ամեն ինչը ցեխի հետ խառնել, իսկ ԱՄՆ նման դավաճան հայտարարությունների դեպքում բերանը ջուր առած նստել, ոչ պակաս դավաճանություն է, ինչի արդյունքում թե՛ այդ իրավապաշտպանների խոսքն է արժեզրկվում ապագայում, թե՛ այն բոլոր քաղաքական գործչների ու լրագրողների, ովքեր փաստորեն ունեն ստույգ նպատակ փայփայելու ԱՄՆ հեղինակությունը անկախ նրանից՝ ինչ շահեր է ԱՄՆ-ն հետապնդում մեր տարածաշրջանում ու ինչ համատեղ նախագծեր է իրականացնում Ադրբեջանի հետ։

Ողջունեք նոր դարաշրջան. ԱՄՆ-ն բացահայտ հայտարարում է, որ Հայաստանը պարտավոր է ռազմավարական զիջումների գնալ անորոշ անտրամաբանական խոստումների դիմաց պատերազմի պատրաստվող Ադրբեջանի կողմից, ողջունեք նոր դարաշրջան, որտեղ ԱՄՆ-ն որևէ կերպ չի նկատում Ադրբեջանի ռազմականացումը, ու մի դարաշրջան, որտեղ Հայաստանում ունենք քաղաքացիական հասարակություն, որի համար սա լիարժեքորեն ընդունելի իրավիճակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել