lasagna , magro

Գարունը, բացի անհասկանալի եղանակային փոփոխություններից ու անկառավարելի անձրևների պոռթկումից, այլ բաներ էլ ունի` թարմ կանաչեղեն, բանջարեղեն: Կարծում եմ՝ հիանալի ժամանակ է սկսել զբաղվել իտալական խոհանոցի ուսումնասիրմամբ: Ի դեպ, գարնան դրական կողմերից նաև այն է, որ կարելի է զբոսնել ու վերացնել համեղագույն, բայց ոչ դիետիկ իտալական ուտեստներից ստացված կալորիաները :)

Իհարկե, սովորաբար ընդունված է սկսել սկզբից (տաֆտոլոգիա), բայց եկեք բաց թողնենք սկիզբն ու ոգեշնչվելու համար սկսենք ոչ թե առանձին պաստայից կամ սոուսից, այլ շատ համեղ, հյութալի լազանյայի բաղադրատոմսից:

Դուք կզարմանաք, թե որքան քիչ է պետք այս համեղ լազանյայի պատրաստման համար: Ի դեպ այն շատ գարնանային է ու առանց միս:

Մեզ հարվավոր է

պաստայի խմորը պատրաստելու համար`

4 բաժակ ալյուր

4-5 ձու

Կես թ.գ. աղ

լցոնման համար`

100 գր տոմատի մածուկ

4 լոլիկ

2 կանաչ սխտոր

1 գլուխ սոխ

5 գդ թարմ, կտրատած ռեհան

Nyam 1Սովորաբար այս բաղադրատոմսում օգտագործում են ռիկոտտա և մոցառելլա, բայց էկոնոմիայի տեսանկյունից վնասակիր այս բաղադրիչները կարելի է փոխարինել (թող ներեն մեզ իտալացիները): Ես օգտագործում եմ տեղական արտադրության գաուդայի համով պանիր (փնտրեք սուպերմարկետներում), տեղական մոցցառելլա և չեդդեր: 70-100 գրամը բավական է, եթե ուզում եք լազանյան լինի թեթև ու բարակ (իտալերեն magro), իսկ եթե նախընտրում եք ավելի յուղային ու հաստ, խնդիր չկա` 300 գրամը նույնպես լավ է:

Դե ինչ, անցնենք խմորի պատրաստմանը: Պահպանելով մեր իտալական կարկանդակի խմորի լավագույն ավանդույթները՝ առաջարկում եմ այն պատրաստել առանց ամանի` սեղանի վրա: Եթե նախորդ անգամ հենց այդպես էլ արել եք, ուրեմն կհասկանաք, թե որքան հաճելի է դա: Իհարկե, հուսով եմ հավեսի չեք ընկել ու առհասարակ հրաժարվել ափսեներից :)

Լցնում ենք ողջ ալյուրը սեղանին, մի փոքր փոսիկ բացում և վրան ջարդում 2 ձու, ավելացնում աղը: Հունցում ենք մասսան, մինչև այն միանա, ընթացքում ավելացնում ենք մնացած ձուն, այնքան, մինչև խմորն ամբողջությամբ չմիախառնվի ու կպնի: Տեղափոխեք պատրաստի խմորը թեթև ալյուրոտած մթերային ցելլոֆանի մեջ ու դրեք սառնարանում: 30 րոպեից ձեր խմորն արդեն ի վիճակի կլինի դիմանալ գրդնակին:

Հանում ենք խմորը, գրդնակում ու կտրում մոտ 3 մմ հաստության ու 30 սմ երկարության կտորներ (կամ չափեք ձեր հրակայուն ամանն ու հարմարեցրեք խմորի չափը դրա հետ): Եռացնում ենք ջուրը մեծ կաթսայում և ուղիղ 30 վայրկյանով գցում խմորիկները դրա մեջ, հետո հանում ենք ու տեղափոխում սառը ջրի մեջ 2 րոպեով: Դրանից հետո դնում ենք լազանյայի խմորի կտորները չոր սրբիչի վրա և թողնում՝ չորանան:

Ժամանակն է տաքացնել վառարանը 150 աստիճանով և անցնել լցոնման պատրաստմանը:

Թավայի վրա լցրեք 3 գդալ ձեթ և մանր և ավելացրեք բարակ կտրատված սոխը: Մի քանի վայրկյանից ավելացրեք թարմ, կանաչ, մանր կտրատված սխտորն ու կիսակլոր կտրված լոլիկները (լավագույն համը ստանալու համար խորհուրդ եմ տալիս գնել լոլիկ ոչ թե սուպերմարկետից, այլ որևէ շուկայից ու նախապես համոզվել, որ այն քաղցր է):

Nyam 3Մեզ պետք են թեթևակի կարմրած, բայց ոչ չորացած սոխեր, հիշեք դա ու չձգեք պատրաստման հետ: Իսկ հիմա վերցրեք տոմատի մածուկն ու մի երկու կաթիլ զեյթունի ձեթ, 3 թգ ջուր ավելացրեք դրան, ավելացրեք նաև աղ, բիբար՝ ըստ ճաշակի: Ավելի հետաքրքիր համ ստանալու համար կօգնի չորացրած կանաչին՝ հատկապես ծիտրոնը: Եվ այսպես, միջուկը պատրաստ է, լազանյայի պաստան պատրաստ է…անցնենք առաջ:

Մի փոքր կարագ քսեք հրակայուն ամանի մեջ ու շարեք վրան լազանյայի պաստան: Համոզվեք, որ մեր խմորիկները փակում են ամանի հատակն ու ոչ մի անկյուն բաց չեն թողնի: Հիմա ավելացնում ենք վրան լցոնումը՝ զգուշորեն քսելով բոլոր ծայրերին ու ոչ մի բաց տարածություն չթողնելով: Հիմա ավելացնում ենք մեր երեք պանիրները ու վրայից լցնում մածուկային սոուսը: Վերջ, հիմա դնում ենք երկրորդ շերտն ու նույնը կրկնում ենք երկրորդ շերտի հետ: Հիմա արդեն իսկապես վերջ, տեղափոխում ենք վառարան՝ 20-30 րոպեով:

Հանում ենք վառարանից և վայելում չոր գինու հետ ու, ոնց ասում են, Buon appetito!

Մինչ նոր իտալական ուտեստ`

Էլլա Կանեգարիան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել