Հասարակության մեջ արմատացած է մի կարծրատիպ, ըստ որի` նախարարը պարտադիր պետք է ունանա շքեղ առանձնատուն, շահութաբեր բիզնես և «ավտորիտետ» ընկեր: Իրականում կառավարության անդամն իշխանության դեմքն է, պետության իմիջի բնութագրիչը: Բարձր մակարդակի հարաբերություններում նա է ներկայացնում պետությունն ու ժողովրդին: Նա է կառավարության ծրագրին միս ու արյուն տվողը, ժողովրդի ազատ ու բարեկեցիկ կյանքի երաշխավորը: Սակայն երբ չի դիմանում պաշտոնի ծանրությանը, դրանից բխող գայթակղություններին, չարաշահում է իրեն տրված իշխանությունը, հավակնություններն ուղղում սեփական երազանքների իրականացմանը` գցելով ամբողջ կառավարության վարկը: Այդպիսինների մուտքը կառավարություն կանխելու համար Հռոմում նախատեսված էին նյութական և բարոյական ցենզեր: Միջնադարում կառավարության կազմ կարող էին ընդգրկվել ազնվական բարձր տիտղոս ունեցողները, որոնց կառավարելու իրավունքը սահմանում էր արևից կաթած միապետը և, որպես ի վերուստ տրված շնորհ, փոխանցվում ժառանգաբար: Ներկա ժողովրդավարական երկրում կառավարության անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև բոլորը հավասար են և ցենզեր չկան: Սակայն մեր ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց պատկերացնում բարձր պաշտոններում, բայց ոչ թե այն պատճառով, որ կառավարելու հմտություններ չունեն, այլ որովհետև չունեն շքեղ առանձնատուն, շահութաբեր բիզնես ու «ավտորիտետ» ընկեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել