Հինգշաբթի երեկոյան վարչապետը անակնկալ հրաժարական տվեց: Դա ենթադրում է, որ առաջիկայում նշանակալի զարգացումներ են սպասվում: Նոր վարչապետը, բնականաբար, առաջարկելու է նոր ծրագիր՝ նոր սկզբունքներով և առաջնահերթություններով: Նոր սկզբունքներն ու ծրագրերը պահանջելու են թարմ խաղացողներ: Հավանական փոփոխությունները քաղաքական նոր օրակարգ են ձևավորելու: Եվ դա տրամաբանական է, որովհետև անիմաստ է կառավարության փոփոխությունը, եթե այն դրական լիցք և տրամադրություն չի հաղորդելու հասարակությանը: Այս առումով հուսով եմ, որ նոր կառավարությունը հիմնովին կվերանայի աղքատության, գործազրկության, սոցիալական բևեռվածության դեմ պայքարի մեթոդներն ու գործիքները, որպեսզի աղքատության և գործազրկության չափերը էականորեն նվազեն: Չեմ բացառում, որ նոր կառավարությունը կարող է հավասար հնարավորություններ ապահովել յուրաքանչյուրի համար, որպեսզի ցանկացած մարդ կարողանա իր աշխատանքով և իր նախաձեռնություններով հաջողության հասնել և բարելավել իր և իր ընտանիքի կյանքը: Ակնկալում եմ, որ նոր կառավարությունն իր առաջնահերթ խնդիր կհռչակի կոռուպցիայի և վարչական կամայականությունների դեմ անողոք պայքարը ոչ միայն քաղաքում, այլև ամենախուլ գյուղում: Իհարկե, մեծ ակնկալիքն այն է, որ նոր կառավարությանը հաջողվի էական առաջընթաց ապահովել ԼՂՀ անկախության և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներում: Այս ամենը իրականացնելու ներուժ մենք ունենք, մնում է գեներացնել հասարակական էներգիան և արդյունավետ կազմակերպել կառավարության աշխատանքը: 
Իսկ հոռետեսական հիմքով վերլուծելու դեպքում, նոր կառավարության կազմավորմամբ ոչ մի բան էլ չի փոխվելու. աղքատությունը նվազելու է տարեկան 0,1 տոկոսով, գազի ու էլեկտրաէներգիայի սակագինն առնվազն նույնն է մնալու և կուտակվող մաղձն ու չարությունը ուտելու են ոչ միայն դեպրեսիայի մեջ ապրողներին, այլև երիտասարդներին, իսկ դա իսկապես վերջն է:
Այսպիսով՝ առաջիկա հնարավոր զարգացումները պայմանավորված չեն միայն կառավարության կազմի փոփոխությամբ: Ներքին և արտաքին մարտահրավերները արդյունավետ դիմակայելու համար պահանջվում է ոչ միայն հասարակական վստահության բավարար պաշար, այլև քաղաքական մտածողություն և կամք: Հարցն այն է, թե նոր կառավարությունը կկարողանա՞ կամք դրսևորել, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել