Յուրաքանչյուր մարդու կյանքում կան նպատակներ, ցանկություններ և երազանքներ: Սակայն այնպես է ստացվում, որ դրանցից ոչ բոլորն են կյանքի կոչվում, կամ իրականանում: Անհրաժեշտ է իմանալ, որ սա կապված է ոչ միայն նյութական բարիքների սահմանափակության, մարդու հնարավորությունների և դիպվածի ուժից, այլ որոշակիորեն նաև մեր սովորույթներից և բնավորությունից, բաներ, որոնք կարելի է շահեկանորեն փոխել: Եվ ահա, այս հոդվածում մենք նպատակ ունենք թվարկել նման սովորույթները, որպեսզի կարողանաք հասնել առավել մեծ հաջողությունների: Գնացինք: 

1. Նպատակները չափազանց շատ են

Երբ նպատակները չափազանց շատ են, տեղի է ունենում ուժերի, ուշադրության, ժամանակի և միջոցների վատնում: Վերջնահաշվում, եթե անգամ առկա է ինչ որ առաջընթաց, ապա այն փոքրանշանակ է, ու չի մոտիվացնում հետագա գործունեության համար: Այս առումով անհրաժեշտ է խստորեն դասդասել նպատակներն ու դրանց հրատապությունը:

2. Նպատակները միայն մտքերում են

Եթե դուք գրի չեք առել ձեր նպատակները, կամ կոնկրետ միջոցառումների միջոցով արդեն չեք իրականացնում դրանք, ապա կարող եք հաշվել, որ նպատակը, որպես այդպիսին, գոյություն չունի: Նպատակների ֆիքսումն ու անհապաղ գործողությունը ապահովում են դրանց հաջողության կարևորագույն մասը:

3. Նպատակի ոչ հստակ չափարոշում

Թղթի կտորի վրա նպատակի գրառումը կարող է թվալ ամրագրված, սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է հստակ բնութագրել նպատակն ու գործողությունները, ստեղծել իրագործման չափորոշիչներ: Չէ որ որքան հստակ է նպատակն ու չափորոշիչ, գործողությունները, այնքան ավելի դյուրին է հասնել հաջողության:

4. Կեղծ /անիրական/ նպատակներ

ԲՈՒՀ ընդունվելը, ցանկացած այլ տեղ ընդունվելը, նոր մեքենան կամ գեղեցիկ շոր, աքսեսուարներ ունենալը ոչ մի կերպ չեն կարող համարվել նպատակներ: Հարստանալը նույնպես չի կարող համարվել նպատակ, քանի որ կարելի է տարիներով գնալ դեպի նման նպատակը և չիմանալ՝ որտեղ ես և որքան է մնացել: Սրանք նպատակներ են ոչ մի բանի մասին: Որպես չափորոշիչ կարող եք ընտրել հետևյալը. ցանկացած նպատակ, որի հիմքում ընկած է ուրիշներին դուր գալու, հավանության արժանանալու, այլոց ցանկությունները կատարելու նպատակը` կեղծ է: Իրական նպատակը պետք է բնութագրվի որպես սեփական գիտակցության, ցանկությունների, առաքելության իրականացում: Շատ կարևոր է լսել, հասկանալ և տարբերել սեփական ցանկությունները:

5. Այլոց նպատակները

Մենք հաճախ այնքան ենք ցանկանում որոշակի փոփոխություններ կամ իրադարձություններ ծնողների, երեխաների, այլ հարազատների, ընկերների կյանքում, որ չենք նկատում, թե ինչպես են մեր նպատակների մեջ հայտնվում այնպիսինները, որոնք մեզնից կախված չեն: Շատ կարևոր է միշտ հիշել, որ փոփոխությունները կարելի է իրականացնել միայն սեփական կյանքում և սեփական օրինակով, իսկ մյուսները` նայելով ձեր օրինակին, միգուցե կփոխվեն: Իսկ եթե չփոխվեն, ապա դա ձեզնից կախված չէր, ու չպետք է դառնար ձեր նպատակը ի սկզբանե:

6. Անիրականանալի նպատակներ

Սա, երբ նպատակին հասնելու համար մենք սահմանում ենք չափից ավելի կարճ ժամկետներ: Հիմնականում սա տեղի է ունենում, երբ մենք ի վիճակի չենք գնահատել իրավիճակն ըստ արժանավույն` սխալ գնահատելով առկա ռեսուրսները և հնարավորությունները: Կարևոր է հիշել, որ որպես կանոն ոչ թե նպատակն է անիրականանալի, այլ իրականացման ժամկետներն են չափազանց կարճ:

7. Սաբոտաժ

Հաճախ մենք ինքներս ենք մեզ խանգարում` սեփական նպատակներին հասնելու ճանապարհին, երբ անընդհատ հայտնվում են ինչ-որ այլ «կարևոր» պսեվդո­կարևոր գործեր, որոնցով մենք սկսում ենք տարվել: Վատ ինքնազգացողությունը, ալարկոտությունը, սույն հոդվածում ներկայացված այլ պատճառներով նպատակասլացության անկումը, աշխատանքային բեռնվածությունը, անհաջող օրը և այլն. սրանք միայն մի մասն են այն արդարացումների, որոնք մարդը կարող է գտնել կամ անգամ հնարել: Անհրաժեշտ է ինքնադաստիարակության, կամքի և ոգու միջոցով հասնել այն մտավոր և ոգեկան վիճակին, երբ դուք պարզապես իրականացնում եք այն, ինչին նպատակադրվել եք: Մի ենթարկվեք ինքնասաբոտաժի:

8. Սեփական նպատակների հանդեպ անվստահություն:

Մի կողմից մենք նկարում ենք մեր ապագայի գեղեցիկ նպատակները, իսկ մյուս կողմից այնքան էլ չենք հավատում սեփական կարողություններին և այդ նպատակների իրագործմանը: Սա ինքնակործանարար է: Սեփական հնարավորությունների նկատմամբ անվստահությունը մեկ անգամ չէ, որ կարող է խափանել մեր լավագույն միջոցառումն ու նպատակը, իսկ անվստահության պատճառով հնարավոր անհաջողությունը բերում է միայն ավելի շատ անվստահություն: Ի՞նչ անել: Հավատացեք ինքներդ ձեզ: Դուրս եկեք անվստահության փակ շղթայից: Գտեք մոտիվացիա արդեն իսկ ունեցած հաջողությունների փաստարկման և հնարավոր ակնկալիքների վիզուալացման միջոցով:

9. Վախը

Հավատաք, թե ոչ, վախը միաժամանակ թուլության ամենամեծ պատճառն է, ամենամեծ ախտանիշը և ամենամեծ հարուցիչը: Իհարկե կան բաներ, ինչից մենք վախենում ենք: Սակայն ամենամեծ վախը, որ մենք կարող ենք ունենալ, ամենամեծ վախը, որ մեզ կարող է կանգնացնել նպատակին հասնելու ճանապարհին` դա վախն է այդ նպատակին հասնելու ձեր անկարողությունից: Վախը` հնարավոր անհաջողությունից, կատարյալ ձախողումից: Սակայն, եթե մտածենք` այս վախը իրականում որպես կանոն անհիմն է, իսկ եթե անգամ ունի հիմք, ապա հարյուր տոկոսով կախված է ձեզնից, քանի որ ձեր պատրաստվածությունը հենց ձեզնից է կախված: Կա նաև վախը հաղթահարելու մեկ այլ, առավել արդյունավետ տարբերակ, երբ մենք ամբողջությամբ նվիրված ենք նպատակին և դրան հասնելու համար անում ենք հնարավոր ամեն ինչ, սակայն մենք գիտակցաբար վերանում, աբստրահվում ենք գործողության հնարավոր արդյունքից: Սա շատ հզոր բան է ու պահանջում է հոգևոր բարձր պատրաստվածություն:

10. Շատ են մտքերը, քիչ է գործողությունը:

Ինքներդ մտածեք. չէ որ մեզ միշտ սովորեցրել են ամեն ինչ անելուց առաջ մի լավ մտածել: Մինչդեռ կան բազմաթիվ առիթներ, երբ որքան ավելի շատ ես մտածում գործողության մասին, այնքան այն հեռանում է քեզնից, որից հարցերն ավելի են շատանում, որից գործողությունն էլ ավելի է հեռանում …

11. Աշխարհայացքի և ընկալման սահմանափակությունը:

Հնարավորություններն անսահման են, այնինչ մենք տեսնում ենք դրանց այն մասը, որի հետ ծանոթ ենք կամ պատրաստ ենք հարմարվել դրանց հետ: Սակայն հնարավորություններին անշեղորեն ավելանում եմ, երբ մենք տալիս ենք դրանց իրականանալու շանս, երբ հենց սկզբից չենք բացառում շանսերի կենսունակությունը` հիմնականում առաջնորդվելով կարծրատիպերով: Այդժամ նոր հնարավորություններն իրենք կբացվեն ձեր առջև:

12. Պլանների բացակայությունը:

Հաճախ ցանկությունների և նպատակների իրականացման համար ժամանակ չի էլ մնում, քանի որ, ինչպես հայտնի է, մանր, ընթացիկ գործերը կլանում են մեր ժամանակի մեծ մասը: Ահա այս պատճառով է, որ անհրաժեշտ է ծրագրավորել ժամանակն ու օրական գոնե 1-2 ժամ նվիրել նպատակային գործողություններին, և արդյունքները երկար չեն սպասեցնի:

13. Այնքան ծեծված և ծանոթ հարցը` «Ի՞նչ անել»:

Հաճախ նպատակն անգամ հայտնի է, իսկ այ սահմանել ու հասկանալ, թե ինչ է պետք անել, ուր գնալ, ում դիմել, կամ որտեղ սկսել` այդպես էլ չի հաջողվում: Այս և նման հարցերի պատասխանները, իհարկե, հնարավոր է գտնել, երբ գիտես՝ որտեղ փնտրել և շարունակաբար փնտրում ես` գրականության, վերապատրաստման, ինքնակրթման, մարդկանց միջոցով, քանի որ, ինչպես Ավետարանն է ասում, փնտրողը գտնում է, խնդրողին` տրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել