Համաշխարհային բոլոր արյունահեղությունների հիմքում ընկած է ինքնությունների ընկալման խառնաշփոթը: Ազգային, կրոնական, դասակարգային ինքնությունների աղճատված ընկալումը դարեր շարունակ պատճառ է հանդիսացել բազմաթիվ պատերազմների և արյունալի բախումների: Ինքնությունները բազմաթիվ են, սակայն տիեզերական, մարդկային, ազգային, կրոնական ինքնությունները այն հիմնականներն են, որոնք ընկած են հանրույթների և մարդկանց գիտակցության հիմքում: Ինձ մոտ, օրինակ, մարդկային ինքնությունից բացի, առավել շեշտված է եղել ազգային ինքնությունը: «Ո՞վ եմ ես» հարցին առավելապես ունեցել եմ «մարդ եմ», «հայ եմ» պատասխանը: Կրոնական ինքնությունը կյանքիս տարբեր հատվածներում փոփոխական է եղել (առաքելական, հեթանոս, առաքելական) և ոչ այնքան շեշտված, իսկ հիմա կարելի է ասել ընդհանրապես բացակայում է: Աստվածային կամ տիեզերական ինքնությունը՝ որպես ապրված փորձառություն, լայն հանրությանը անծանոթ է, բայց այն շատ լավ է նկարագրված Թումանյանի հետևյալ քառյակում.

Հոգիս տանը հաստատվել,

Տիեզերքն է ողջ պատել,

Տիեզերքի տերն եմ ես,

Ով է արդյոք նկատել:

Երբ ինքդ քեզ զգում ես անսահման տարածություն, ապա այնտեղ առանց իրար «կոկորդ կրծելու» ապրում են մարդը, ազգը, կրոնը, դասակարգը և այլը: Երբ բացակայում է «լայն» ինքնությունը, «նեղերի» փոխադարձ բզկտումը դառնում է անխուսափելի: Մարդկությունը այլընտրանք չունի, բացի «Տիեզերական գիտակցությունից»: Մի իմաստուն մարդ շատ դիպուկ նկատել է. «Կամ 21-րդ դարը կլինի ոգեղենության դար (նույն է թե Տիեզերական գիտակցության), կամ այն չի լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել