Երեկ Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնած քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննադատել է Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը։ Եթե մեր երկրում կա մի քաղաքական ուժ, որի գործողությունների էությունն ու իմաստը գրեթե անհասկանալի են, դա հաստատ այս կուսակցությունն է՝ չհաշված, իհարկե, արտախորհրդարանական մի շարք մանր-մունր «խմբակներ»: 

Ըստ Օսկանյանի՝ Հայաստանը կորցրեց իր մանևրելու հնարավորությունը, և Մաքսային միությանն անդամակցությունը փակում է Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները: Թեմայի շրջանակներում վերջինս ներկայացրեց նաև մի քանի փաստարկ: Բայց եթե հիշում՝ ընդամենը երկու տարի առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանի կարծիքը այս հարցի շուրջ արմատապես տարբերվում էր այսօրվա ԲՀԿ-ական մոտեցումներից: Այն ժամանակ կուսակցությունը ողջունում էր Վլադիմիր Պուտինի՝ Եվրասիական միություն ստեղծելու նախաձեռնությունը և գտնում էր, որ առկա համագործակցության ծավալը հիմք էր հանդիսանում Հայաստանի համար՝ անդամակցելու այդ՝ դեռ չձևավորված կառույցին:

Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Հայաստանի ամենառուսամետ կուսակցությունը, որպես այդպիսին, միշտ էլ եղել և մնում է «Բարգավաճ Հայաստանը»: Այն դեռ իր սկզբնավորման տարիներից ի վեր սերտորեն համագործակցում է Ռուսաստանի իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» հետ: Սրան ի հավելումն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ ջերմ հարաբերությունների մեջ են գտնվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ասենք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նկատի ունենալով հենց, օրինակ, բիզնես համագործակցությունը, և դեռ մի բան էլ սրան գումարենք այն, թե ով է իրականում կանգնած ԲՀԿ-ի ետևում (իսկ խոսքն այստեղ ՀՀ երկրորդ նախագահի մասին է), դժվար չէ հասկանալ, որ Օսկանյանի նման հայտարարությունը միանգամայն այլ նպատակ է հետապնդում, քան առաջին հայացքից կարող է թվալ:

Այսօրվա դրությամբ ԲՀԿ-ն պարզապես փորձում է խաղալ ընդդիմադիրի դեր` քննադատելով իշխանությունների արած ցանկացած քայլ: Միևնույն ժամանակ ԲՀԿ-ն չի էլ ցանկանում ամբողջությամբ կամուրջներ այրել իշխանությունների հետ և չի հռչակում իրեն ընդդիմություն՝ փոխարենը շրջանառության մեջ դնելով մի տերմին, որը քաղաքագիտության մեջ երբեք չես հանդիպի` «այլըտնրանք»: 

Թերևս, ԲՀԿ-ն փորձում է օգտագործել ներկայիս ծանր-սոցիալական ֆոնը և դրա արդյունքում առաջացած բողոքի ալիքը և իր շուրջը հավաքել խորհրդարանական չորս ուժերին և փորձել դառնալ միասնական ընդդիմության առաջնորդ և դրանից հետո իսկապես լինել լուրջ այլընտրանք ներկայիս իշխանություններին, իսկ եթե դա չստացվի, ապա միշտ էլ կարելի է պատվով դուրս գալ իրավիճակից և հերքել քո ընդդիմություն լինելը: Ասածս այն է, որ չի բացառվում կուլիսների ետևում ծրագրավորվող «դավադրության» սցենարը: Ինչ խոսք, սա կարող է մի քիչ աբսուրդային թվալ, բայց ավելի համոզիչ բացատրություն այս պարագայում չի երևում: 


Միևնույն ժամանակ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առաջին անգամը չէ, երբ ԲՀԿ-ականների և Օսկանյանի հայտարարություններում հակասություն է լինում: Ամեն անգամ, երբ Օսկանյանը ինչ-որ հայտարարություն է անում, և դա չի տեղավորվում ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականության շրջանակներում, չնայած այն բանի, որ ինչ-որ կոնկրետ որդեգրած քաղաքականություն այս կուսակցության պարագայում դժվար է հասկանալ, Նաիրա Զոհրաբյանի կամ մեկ ուրիշի մակարդակով մշտապես անդրադարձ է կատարվում դրան, և Օսկանյանի կուսակիցները պնդում են, որ դա վերջինիս անձնական կարծիքն է: Ցանկանում եմ այս կապակցությամբ շատ կարևոր և հստակ բան էլ ևս պնդել: Հարգելի քաղաքական գործիչներ, պետք է հասկանալ, որ ոչ մի հանրային-քաղաքական-պետական գործիչ չի կարող ունենալ անձնական կարծիք, առավելևս, երբ դա արվում է հրապարակայնորեն: Դա առավելագույնը կարելի է անել նեղ ընտանեկան շրջանակներում՝ առանց տեսախցիկների և լրագրողների: 

Չգիտեմ, այս հայտարարությանը ևս կհաջորդի՞ նման պատասխան-հայտարարություն, թե ոչ, բայց այն, որ ԲՀԿ-ում մշտապես չկողմնորոշված մթնոլորտ է, և արդյունքում քաղաքականությունը ևս ոչ հստակ է, դա փաստ է: Մի խոսքով, ինչպես ասում են, ԲՀԿ-ին «մտքով չես հասկանա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել