Անգամ այն մարդիկ, որ գրեթե ֆիլմեր չեն դիտում, վերջին օրերին առիթը բաց չթողեցին աչքի ընկնելու համար՝ «Նիմֆոմանուհի» ֆիլմից խոսելու, դրա մասին ֆեյսբուքյան ստատուսներ գրելու: Ես «համոզված եմ», որ բոլորը՝ թե՛ ֆիլմը բոյկոտողները, թե՛ ֆիլմի պրեմերիան Հայաստանում իբր «կազմակերպողները» ու բազմաթիվ հայկական պոռնո-լրատվական կայքեր լավ տեղյակ են կինոարվեստից, նամանվանդ Լարս Ֆոն Տրիերի կինոարվեստից: Ահա այդ պատճառով կինեմատոգրաֆիայում մեծ ավանդ ունեցող Լարս Ֆոն Տրիերը չափազանց շատ էր նրանց համար:

Ի գիտություն վերը նշված խմբերին`

Ռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոյում «Դոգմա»-ի հիմնադիր Լարս Ֆոն Տրիերը ծնվել է Դանիայում 1956թ.-ին: Լարս Տրիերը «Ֆոն» կոչումը ավելացրել է իր ազգանվանը ուսանողական տարիներին, որն էլ ժամանակին մեծ սկանդալ է առաջացրել: Ֆիլմեր սկսել է նկարահանել 11 տարեկան հասակից, սկզբում դրանք կարճամետրաժներ էին: 1982թ.-ից սկսեց նկարահանել լիամետրաժ ֆիլմեր: Նրա լավագույն ֆիլմերն են համարվում `Դոգվիլլ (Догвилль), Խավարում պարողը (Танцующая в темноте), Ալիքները ճեղքելով (Рассекая волны), Եվրոպա (Европа): Նրա ֆիլմերն ունեն բազմաթիվ մրցանակներ, այդ թվում Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի»: 2009թ.-ին մեծ աղմուկ հանեց ռեժիսորի «Հակաքրիստոս» (Антихрист): Ֆիլմը հակաքրիստոնեական չէր, հերոսների արարքներն էին հակաքրիստոնեական: Տրիերն ունի 30-ից ավելի ֆիլմեր:

2011թ.-ին «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում իր «Մելանխոլիա» ֆիլմով Լարս Ֆոն Տրիերը հրավրիվել էր Հայաստան, բայց հրաժարվել էր գալ, քանի որ ինքնաթիռ ընդհանրապես չի նստում:

Ամբողջ աշխարհում, բացի քարանձավային և աշխարհից կտրված երկրներից, Տրիերի ֆիլմերին միշտ էլ մեծ ակնկալիքով են սպասում, նամանավանդ կինոմանները, կինոգետններն ու նրա արվեստի երկրպագուները: Դեռևս 2011թ.-ին մտածված «Նիմֆոմանուհի» ֆիլմի նկարահանումները ավարտվեցին 2013-ին: Արդյունքում ստացվեց 8 ժամանոց ֆիլմ, որի ժանրը առաջին հերթին բնութագրվում է որպես դրամա՝ ըստ կինոկայքերի: Ֆիլմը կրճատվեց՝ հասցնելով 5 ժամի և բաժանվեց 2 մասի: Կցուցադրի հայկական կինոթատրոնը «Նիմֆոմանուհին» թե ոչ, կճանաչի հայ հասարակությունը Տրիերին, թե ոչ` միևնույնն է, Լարս Ֆոն Տրիերի մոտ ոչինչ չի փոխվի, նա էլի մնում է տաղանդավոր, արտասովոր, հանճարեղ ու սպասված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել