Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ: Փառք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին ու հայ ժողովրդին: 

Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է, հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայն իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է: 

Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծման` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը: 

Այսօր մենք տոնում ենք մեր Հայկական բանակի, այն է` ՀՀ Զինված ուժերի 22-րդ տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, ծառայածների, այլ ամբողջ հայ ու հայաստանյան հասարակության (նկատի ունեմ նաև ազգային փոքրամասնություններին) տոնն է, քանզի այն բացի պետական լինելուց, նաև հասարակական ինստիտուտ է: 

Իմ շատ սիրելի ծառայակիցներին ու այս պահին սահմանն ու հայրենիքի անվտանգությունը հսկող զինվորին ցանկանում եմ խաղաղություն: 

Միտքս ավարտեմ մեծն Գարեգին Նժդեհի խոսքերով`
«Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսրբեն իրենց երկիրը, և ապա սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն իրենց անկախության: Այո՛, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայրենիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել