Մենք ենք մեղավոր, բա «գյոզալ» իրար ուտելը թողած, ինտերնետային ակտիվությունը ցուցաբերենք հօգուտ մեր Երկրի՞։ Կառավարությունից սկսած մինչև հեռուստացույցով լուրեր ընթերցող հաղորդավարին քննարկելը, քննադատելը, հայոյելը, վրան ծիծաղելը, կյանք սովորեցնելը, խորհուրդ տալը, «պարապ մարդու բան չի, ախպեր»։ Այդ «սրտացավ, հայրենաբաղձ»-ների նկարներն ես մեկ-մեկ նայում … փոքրագլուխ, ակնհայտ է, որ «Գանձերի կղզին» չի կարդացել, հասակն էլ ձեռքին բռնած գլանակի բոյին, աշխարհայացն էլ գլխին դրված ակնոցի ապակիների չափ ու կարդում ես այդ խտացված նեգատիվը` ամաչելով, որ նույն ազգից եք…այդ պահին միայն մեկ ցանկություն կա, Կոմիտասի «Քելեր, ցոլեր» լսելը … դուք ի՞նչ մտածեցիք։ Դեպքեր էլ կան, երբ նույն մարդը քառասուն տարբեր հասցեներով «ջախջախիչ» մտքեր է գրում մի թեմայի շուրջ ու թարսի պես համակարգչի ստեղնաշարի մի տառը սարքին չէ ու բոլոր, մյուս էջերում նույն բացթողումն է, բայց կարևորն այդ պահին անունների քանակն է։ Տարբեր անուններ, առատ հայհոյանքներ ու անեծքներ, սա է «հեղափոխությունիկը», «ախպերս էսի կատակ բան չի, Երգիր ենք պահում»։ Բա աղջիկները, ում համակարգչային գիտելիքները չսկսված ավարտվում են ընկերոջ, ամուսնու ընկերներին ստուգելու, նկարներին հավանություն տվածների պրոֆիլները տնտղելու սուրբ, օջախապահպան գործնթացում։ Այ իրենց քաղաքական կեցվածքն է ցնցող … Էլ չեմ ասում, որպես ժուռնալիստական աշխատանքներ ներկայացված կիսագրագետ հոդվածները։ Ի գիտություն, ամենազոր են հարցական վերնագրեր ունեցողները։ Հենց թյուր տեղեկություն տալու համար նյութի հերոսը դատի տա վա՜յ-հեղինակին, անմիջաես հարցականը կմատնանշեն, կասեն, մենք վստահ չէինք, հարց էինք տվել, նայե՞ք, բայց արջի ծառայությունն արդեն մատուցված է, մեկին էլ ցավացրիք, հոնորարն էլ ստացաք, հետո՞։ Ի՞նչ եք անում, ուզածներդ ի՞նչ է։ Այս ամենը մի կերպ հաղթահարում ես, աղոթելով նրանց համար, խղճալով, որ թույլ են ու չար։ Բայց մի թեմա կա, որի մասին գրելիս ուշադիր եղեք ու զգոն՝ Հայոց Բանակը։ Ձեր անգիտակից քայլերով ծառայում եք թշնամուն, ես լավատես եմ, դա իրոք անգիտակից քայլ է, հակառակ դեպքում դուք ուղղակի դավաճան եք։ Փառք ու Պատիվ Հայոց Բանակին, ու ևս մի բան. երբ հայրենասերի կեցվածքով քարկոծում ու հայհոյում եք աջ ու ձախ, ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք, դուք` դուք` ձեր մասով, ի՞նչ եք արել մեր այս տանջված մի բուռ մնացած Հայաստան աշխարհի`Հայի` համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել