ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում անցկացվել է հետազոտություն «Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով՝ պարզելու այս խնդրի խորացվածության աստիճանը մեր երկրում:

Հղիության արհեստական ընդհատման նպատակով բուժհաստատություններ դիմած կանանց շրջանում իրականացվել է հարցում, որի նպատակն էր ուսումնասիրել հղիության արհեստական ընդհատման պատճառները՝ այդ թվում սեռով պայմանավորված աբորտի դիմելու որոշման կայացումը, մանկաբարձական անամնեզի առանձնահատկությունները, ընտանիքում տղա/աղջիկ երեխաների առկայությունը և վերարտադրողական վարքագիծը: Քանակական հարցման են ենթարկվել հանրապետության բոլոր մարզերի և Երևանի քաղաքի ծննդօգնության հիմնարկներ հղիության արհեստական ընդհատման նպատակով 2011թ. հուլիս-օգոստոս ամիսներին դիմած կանայք, ովքեր համաձայնել են մասնակցել հարցմանը:

Ընդհանուր առմամբ, քանակական հարցման մասնակիցները փաստում են, որ թե՛ իրենց շրջապատում և թե՛ ընտանիքում տարբերակված մոտեցում կա երեխայի սեռի նախապատվության հարցում: 

Համաձայն հարցման արդյունքների՝ կանանց շրջապատում տղաներին նախապատվություն տվող մարդկանց թիվը (59.3%) մոտ տասն անգամ ավելի է աղջիկներին նախապատվություն տվող մարդկանց թվից (5.6%): Հարցվածների 35.1%-ը նշում է, որ իր շրջապատի մարդկանց համար երեխայի սեռը նշանակություն չունի: Գյուղական բնակավայրերում հարցված կանանց մեծամասնության (70.4%) կարծիքով իրենց շրջապատում նախապատվությունը տրվում է տղաներին և միայն 1.6%-ն է գտնում, որ նախապատվությունը տրվում է աղջիկներին (28%-ի կարծիքով շրջապատի համար երեխայի սեռը նշանակություն չունի): Քաղաքային բնակավայրերում պատկերը հետևյալն է. հարցվածների 50.5%-ի կարծիքով իրենց շրջապատի մարդիկ նախապատվությունը տալիս են տղաներին, իսկ 8.8%-ի կարծիքով` աղջիկներին: Հաջորդ հարցը վերաբերում էր նախապատվություններին ընտանիքի ներսում, և այստեղ նորից գերակշռում են տղա երեխաներին նախապատվություն տվող պատասխանները: Ընդհանուր առմամբ, տղա երեխաներին նախապատվություն տվող ընտանիքները մոտ վեց անգամ ավելի են, քան աղջիկներին նախապատվություն տվող ընտանիքները (համապատասխանաբար 43.8% և 7.6%), գյուղական բնակավայրերում տարբերությունը տասնապատկվում է (համապատասխանաբար 51.8% և 4.5%), իսկ քաղաքային բնակավայրերի պարագայում տարբերությունը մոտ քառակի է (համապատասխանաբար 37.6% և 10%): 

Ընտանիքի ներսում երեխայի սեռի նախապատվությունները ըստ մարզային բաշխման ներկայացված են գծապատկերում:

Քանակական հարցմանը մասնակից կանանց 41.4 %-ը նշել են, որ առաջին հղիության ժամանակ ցանկանում էին տղա ունենալ, և միայն ամեն յոթերորդ (15.5%) հարցվողն է նշել, որ ցանկանում էր աղջիկ երեխա ունենալ: Հատկանշական է, որ առաջին հղիության դեպքում հարցվողների մոտ կեսի (43.1%) համար երեխայի սեռը նշանակություն չի ունեցել: Նշանակալի տարբերություններ կան գյուղական և քաղաքային բնակավայրերում հարցված կանանց նախապատվություններում: Քաղաքային բնակավայրերում մոտ երեք անգամ ավելի շատ են աղջիկ երեխաներին նախապատվություն տվող հարցվողները (քաղաք` 20.3%, գյուղ` 7.3%): Տղաների դեպքում պատասխանները տարբերվում են միայն 1.9 տոկոսային կետով (քաղաք`40.6%, գյուղ`42.5%):

Տվյալների վերլուծությունը մարզային կտրվածքով նույնպես վկայում է բոլոր մարզերում տղաների նկատմամբ հստակ նախապատվություն արտահայտող դիրքորոշման մասին: Տղաներին հարաբերականորեն շատ է նախապատվություն տրվում է Լոռու (93.7%), Տավուշի (50.7%), Շիրակի (46.2%) և Գեղարքունիքի (45.6%) մարզերում: Հարաբերականորեն հավասար վերաբերմունք կա առաջին երեխայի սեռի առումով Արագածոտնի (82.4%), Արարատի (71.3%) և Սյունիքի (69.6%) մարզերում, որտեղ հարցվածների 30 ճնշող մեծամասնությունը նշել է, որ առաջին հղիության ժամանակ երեխայի սեռը նշանակություն չի ունեցել իրենց համար: 

Առաջին հղիության ընթացքում ամուսինների/զուգընկերների մեծամասնությունը (59.7%) ցանկացել էր ունենալ տղա երեխա (տարբերությունը տղա երեխա ցանկացող կանանց և նրանց ամուսինների միջև կազմում է 18.2 տոկոսային կետ), իսկ աղջիկ երեխա ցանկացել են ունենալ վերջիններիս միայն 6.8%-ը: Յուրաքանչյուր երրորդ (31.7%) կնոջ ամուսնու/զուգընկերոջ համար երեխայի սեռը նշանակու-թյուն չի ունեցել: Համաձայն քանակական հարցմանը մասնակցած կանանց` նրանց սկեսուրների և մայրերի չնչին տոկոսն է ցանկացել առաջին հղիության ընթացքում աղջիկ թոռ ունենալ (համապատասխանաբար 4.7% և 4.8%): Տղա թոռ ցանկացել է ունենալ սկեսուրների 40.5%-ը և մայրերի 22.2%-ը: Երեխայի սեռը նշանակություն չի ունեցել սկեսուրների 45.1%-ի և մայրերի 67.3%-ի համար: 

Հատկանշական է, որ համաձայն իրականացված վիճակագրական տեստի (t-test), հարցվողների կրթամակարդակը և տեղեկացվածության աստիճանը էական ազդեցություն չեն ունենում նախապատվությունների հարցում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել