Hayeli.am-ը գրում է.

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր հերթական ցինիկ ու լկտի հայտարարությունն է  արել Ազգային ժողովում: Անդրադառնալով Փակ շուկայի շուրջ ստեղծված աղմուկին՝ Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել Նախախորհրդարանի անդամներին՝ իր <<Սիթի>> խանութների ցանցը անվճար գովազդելու համար. «Ես Նախախորհրդարանի անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սեֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր <<Սիթի>>-ների համար: Մենք գովազդին պետք ա մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք, քանի որ իրանք ձրի գովազդ արեցին: Հիմա այդ 20 մլն-ը տալիս ենք լավ սովորող ուսանող երեխեքին»,- հայտարարել է Փակ շուկայի սեփականատեր Լֆիկ Սամոն։

Ավելորդ է ասել, որ նրա կողմից ցուցաբերվող ամբարտավան կեցվածքը փորձ է՝ ստորացնելու քաղաքացիական հասարակությանն ու Փակ շուկայի աղճատման համար պայքարող ակտիվիստներին: Սա պետության և օրենքի բացակայության տրամաբանական շարունակությունն է, որը շատ ակնհայտորեն դրսևորվեց Փակ շուկայի իրադարձությունների ժամանակ՝ սկզբից մինչև վերջ: Երբ ընդամենը մի մականունավոր պատգամավոր կարողացավ բացահայտորեն անտեսել օրենքը, երբ պետական երեք ներկայանալի կառույցներ՝ Երևանի քաղաքապետարանը, մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունները ուղղակի թևերը վեր պարզեցին ու հայտարարեցին, որ անզոր են պահել և տեր կանգնել իրենց իսկ արած հայտարարությանն ու իրականացնել սեփական գործառույթները, ինքնըստինքյան ենթադրելի էր, որ Լֆիկը ավելի սանձարձակ է դառնալու:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ խոսում էր հասարակությանը համակած գաղջ մթնոլորտի մասին՝ մեղադրելով մեզ՝ լրագրողներիս, որ չենք կարողանում դրական էմոցիաներ փոխանցել հանրությանը:

Օրինակ՝ կոնկրետ այս դեպքում Սամվել Ալեքսանյանը որոշել է բարեգործություն անել՝ 20 մլն հատկացնել ուսանողներին, իսկ սա արդեն դրական քայլ է: Բայց ոչ մի կերպ այս քայլը չի ասոցացվում որպես բարեգործություն, եթե անգամ Սամվել Ալեքսանյանը 200 մլն էլ հատկացներ «լավ սովորող ուսանող երեխեքին», միևնույնն է, հնարավոր չէր լինի պատկերացնել, որ նրա գենը օրերից մի օր, մուտացիայի ենթարկվելով, կդառնար Ռոքֆելերի նախատիպ: Ուղղակի հնարավոր չէ երևակայել, որ այն բիզնես էլիտան, որի ոսկե ներկայացուցիչը, ի պաշտպանություն սեփական գրպանի, Երևանի կենտրոնը ավանակներով պաշարող այդ մարդն է, իսկապես կարող է կրթվել ու փոխվել: Սամվել Ալքեսանյանը այդ 20 մլն-ը ուզում է տալ «լավ սովորող ուսանող երեխեքին», որ նրանք ի՞նչ անեն՝ միանան Փակ շուկայի դիմաց պարող սովալլուկ կանա՞նց, թե՞ նարնջագույն գլխարկով ավանակավորներին:

«Առանց կնոջս խորհուրդների ես այդպես էլ աղքատ կմնայի»,- մի առիթով ասել է Ջոն Ռոքֆելերը, ով մարդկության պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատերն է եղել և աշխարհին հայտնի է իր մեծ բարեգործություններով: Սամվել Ալեքսանյանի բիզնեսում ևս իր կինը, եթե հավատանք հենց իրեն՝ Ալեքսանյանին, մեծ տեղ ունի, անգամ իր  կենսական օրգանների վիրահատական ծախսերը տիկինն է վճարում: Տեսնես 20 մլն-ը «լավ սովորող ուսանող երեխեքին» հատկացնելու խորհուրդը Սամվել Ալեքսանյանին ո՞վ է տվել, կի՞նը:

Դավիթ Մանուկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել