Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց, տարավ վառեց Ազատ գյուղում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Սպիտակում ասաց քաղաքացին՝ ընդհատելով Նիկոլ Փաշինյանի ելույթը:

«Հայրիկ ջան, լավ էլի: Ժողովուրդ ջան, հիմա թրենդ է դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա՞:

Կալուգացի օլիգարխն ամեն տեղ մի 200,000 դրամից բանից տալիս, ուղարկում է, եկեք հանգիստ: Ես հրահանգում եմ ոստիկաններին և այլն, որ ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին»,-արձագանքեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ովքեր չեն կիսում իրենց քաղաքական հայացքները, թող չգան, չխանգարեն հավաքները, ինչպես իրենք չեն խանգարում:

Մինչ Փաշինյանը հանգստության կոչ էր անում, քաղաքացիական հագուստով երիտասարդներ տարածքից հեռացրին քաղաքացուն:

«Ես հո տեռորիստ չեմ, թողեք ինձ, մի բռնեք ինձ:

Ես իմ երեխուն 18 տարի պահեցի, ճանապարհեցի բանակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն գար, ինքը վառեց թե իրա մարդիկ վառեցին Ազատ գյուղում, զինվորական կացարանում: Մի հատ թող պատասխան տա, թե ինչու ինքը զարթնեց, առավոտն ասաց, որ մեկ սուրճի բաժակով բենզին լցրին, վառեցին: Ինքը սուտ է ասում, դատարանում քանի անգամ պահանջել ենք, որ գա, ցուցմունք տա, չի գալիս»,-ասաց քաղաքացին:

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ գումարով են գալիս հավաքներին, նման բաներ ասում, քաղաքացին ասաց՝ 

«Ի՞նչ գումար, ես Արամ Մանուկյանի պապիկն եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել