168.am-ը գրում է․
Տպավորություն է, որ տՏարբեր շրջանակների կողմից «տիրադավ» մականունը ստացած եպիսկոպոսները ֆինանսական բուրգերին հատուկ տեխնոլոգիաներով վերջին ամիսներին փորձում են իրենց կողմը գրավել նորանոր անձանց։
Սակայն, ինչպես հայտնի դարձավ այսօր, նրանց թիվը չի հասնում շուրջ 2 տասնյակին։
«Ես՝․․․ քահանա․․․, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ բարենորոգման հայտարարությանը»,- ահա այս նույնաբովանդակ տեքստով էին քահանաները միանում Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին։
Թե ինչպե՞ս է ստացվել, որ այս փոքր քահանայախմբին կարողացել են «իրենցով անել» հարցին ի պատասխան՝ համացանցում ամենատարբեր պատճառներ են գրվում՝ ճնշումներից՝ մինչև դրամական խոշոր պարգևավճարներ։
Ասում են՝ քահանաներին իրենց կողմը գրավելու հարցում թեմերում լուրջ զրույց ու աշխատանք են տարել, հատկապես Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որն, ըստ փաշինյանական թերթի, առավել հայտնի է «բենթլի սամո» անունով, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Ժամանակն, իհարկե, ամեն ինչ կպարզաբանի, իսկ մինչ այդ հանրության համար անբացատրելի է մնում, օրինակ, թե ինչպե՞ս մինչև վերջերս երկրում կատարվողի հետ չհաշտվող Տեր Շմավոնը դարձավ փաշինյանական «բարենորոգիչ»։
168.am-ը հենց սա ճշտելու ակնկալիքով կապ հաստատեց քահանայի հետ։
Տեր Շմավոնը, սակայն, երբ իմացավ, որ լրագրող է իրեն զանգահարողը, արագ նկատեց․ «Ես չեմ ուզում զրուցել»։
Նույն կերպ նա արձագանքեց մեր հստակեցմանը՝ կա՞ն արդյոք իր վրա ճնշումներ։
Դիտարկմանը, թե որոշումը հրապարակային է կայացրել, հետևաբար ենթադրելի է, որ հրապարակային պետք է լինեն նաև իր որոշման պատճառները, նա ուղղակի արձագանեց՝ «հաջողություն», և անջատեց հեռախոսը։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին միացած քահանաները, բացի նույնաբովանդակ գրառումները, պատրաստ չեն հանրության հետ խոսել իրենց որոշման պատճառների մասին, կամ գուցե՝ թույլ չե՞ն տալիս։
Իսկ մենք նկատենք՝ Հայաստանում և Սփյուռքում կա շուրջ 500 քահանա, ու հարյուրավոր քահանաներ երեկ գիշերվանից աշխարհասփյուռ իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն ու նրա գահակալին՝ Գարեգին 2-րդ Վեհափառ Հայրապետին։



