Հուլիսի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցում գտնվող շենքերից մեկի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի բակում հայտնաբերվել է նույն շենքի բնակիչ, 27-ամյա Միսակ Վ.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը գտնվում էր տնային կալանքի տակ և 6-րդ կամ 8-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել