Վաղաժամ է նման բաներ ասելը, բայց առանց հոդվածներին նայելու էլ, բոլորս կարծում եմ՝ կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու և սա բացարձակ անակնկալ չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ լրագրողի՝ արդյոք նախաքննական մարմինը նախապատրաստվում է Գագիկ Ծառուկյանին կալանքի տանել հարցին ի պատասխան:

«Առանց հոդվածների ամեն ինչ պարզ է, իսկ հոդվածները՝ միշտ հնարավոր է ինչ-որ բան ստեղծագործել, վերջին շրջանում այդ ստեղծագործությունը պարբերաբար բնույթ է կրում։ Հիմա ավելի բովանդակային, երբ ծանոթանանք, կանդրադառնանք, բայց ամեն ինչ հնարավոր է, որովհետև գործողությունների շարքն ավելի շատ նման ինչ-որ կանխատեսումների տեղիք է տալիս»,-նշել է Սարգսյանը:

Լրագրողը ճշտել է՝ խոսքը կալանքի կանխատեսումների մասի՞ն է, որին փաստաբանը պատասխանել է՝ գուցե, տեսնենք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է՝ այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը:

Ավելի ուշ նա գրել էր՝ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել