Այսօր՝ հունվարի 16-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է։ Այն սպասարկող ընկերությունը, որն ըստ դեպքի վայրում հավաքվածների «Քյավառ սերվիս»-ն է, մատը մատին չի տվել, ճանապարհի մերկասառույցը չի մշակել աղ ու ավազի խառնուրդով, ինչն էլ դարձել է ողբերգական վթարի պատճառ։

Մահացածն էլ «Toyota»-ի վարորդի մայրն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել