Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին անցկացրել են դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Քննարկումների ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության ներկա օրակարգը և հեռանկարները», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից X-ում հրապարակված գրառման մեջ։
«Նշվում է , որ կայացել է մտքերի փոխանակում միջազգային կազմակերպությունների, ինչպիսիսք են՝ ՄԱԿ-ի, «Չմիավորման շարժման» և «Իսլամական համագործակցության կազմակերպության» շրջանակներում համագործակցության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքները վերականգնելու ջանքերի վերաբերյալ:
Կողմերը քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության ամրապնդման ուղիներն ու միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտին, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին և «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նախագծերին։ Քննարկվել են նաև հումանիտար համագործակցության հարցեր, մասնավորապես՝ Բաքվի և Թեհրան/Թավրիզի միջև չվերթների թվի ավելացումը, ինչպես նաև կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը», - նշված է գրառման մեջ։



