Հակակոռուպցիոն կոմիտե այցելած Նիկոլը, որ այդ կառույցը որպես «կառավարող թիմի» բրենդ է հռչակել, իր ելույթում հայտարարել է, թե Հայաստանի իրավապահ համակարգի ակտիվության ու դրանից բխող «հակակոռուպցիոն ակտիվ պայքարի» պատճառը նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությունն է, ինչը տալիս է հնարավորություն քննչական մարմիններին՝ կենտրոնանալու իրենց գործի վրա:

Նիկոլը,փաստորեն, առիթը բաց չի թողել՝ ինքնափիառվելու ու Իլհամի ցորենը թանկով հայ հանրության վրա վաճառելու՝ ևս մեկ անգամ ապացուցելով երկու բան՝ նախ՝ անհույս պոպուլիստ ու դեմագոգ է, ապա՝ գաղափար անգամ չունի,թե ինչ է իրենից ներկայացնում հակակոռուպցիոն պայքարը: Խաղաղության թեման ներկայացնելով որպես արդարացում՝ ներքին խնդիրների լուծման ձախողումները բացատրելու համար, Նիկոլը փաստացի հակակոռուպցիոն պայքարի թերությունները ներկայացրել է ոչ թե որպես կառավարման կամ համակարգային խնդիր, այլ որպես արտաքին միջավայրի հետևանք։ Մինչդեռ իրականությունն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ներքին կառավարման և ինստիտուցիոնալ կայունության խնդիր է, և այն չի կարող պայմանավորված լինել արտաքին խաղաղությամբ. բխում է քաղաքական կամքից, անկախ դատական համակարգի և արդյունավետ վերահսկողության լինել-չլինելուց։

Մինչդեռ փաստ է, որ չնայած վարչապետի հայտարարություններին՝ հասարակության շրջանում շարունակում են խորանալ մտահոգությունները. բարձրաձայնված կոռուպցիոն գործերից շատերն ավարտվում են ձգձգումներով կամ անարդյունավետ քննությամբ, հասարակական ընկալման մեջ հակակոռուպցիոն պայքարը հաճախ դիտվում է որպես ընտրովի արդարադատություն, որտեղ թիրախավորվում են հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչները, մինչդեռ գործող համակարգում առկա խնդիրները մնում են ստվերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել