Անկախ այն լուրերին, որ Երևան քաղաքում ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, դա ուղղակի իրականությանը չի համապատասխանում, և սա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որոնք տեղադրված են Երևան քաղաքում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նաև հիշեցնեմ, որ օդի որակի հետ կապված մեր խնդիրները կսկսեն նոյեմբեր ամսին, և այդ առումով մենք վստահաբար ունենք անելիքներ։ Քառամյա մեր ծրագրով պետք է խնդրեմ  մի փոքր մեր կենտրոնացումը ֆիքսենք ձմեռվա ամիսներին օդի որակի վրա և այդ ուղղությամբ արվող աշխատանքների վրա։

Շինհրապարակներում տեղադրված մեր սարքերից ստացված օդի որակի վերաբերյալ PM 2.5-ի ցուցանիշը կազմել է 65 օգոստոս ամսին։ 0-ից 60 միջակայքը գերազանց օդի որակն է, մեզ մոտ 65-ը լավ օդի որակն է, այսինքն նվազագույն աղտոտվածության չափանիշն է, և հետևապես սա ևս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, որ օգոստոսին, սեպտեմբերին մեզ մոտ օդի որակը գերազանց կամ լավ միջակայքում է գտնվել։ Սա անառարկելի փաստ է։

Վիզուալ առումով շատ տեղեր մենք տեսնում ենք, որ շինարարությունը  խնդիրներ բերում է և որոշ կետային խնդիրներ վստահաբար ունենք, հետևապես մենք դեկտեմբեր ամսին ավագանու մեր որոշումները այնպես ենք կառուցելու, որ կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու կողմից սահմանված փոշու ցանցերի կահավորման, որևէ տեսակի աղտոտում են բերում ընդհանուր քաղաքին, իրապես խստորեն պատժվելու են, պատժվելու են ռետրոսպեկտիվ, պատժվելու են այն պահին, երբ որ գան շինթույլտվության երկարաձգման։

Իսկ գրեթե բոլորը այդ փուլին գալիս և հասնում են։ Հատուկ ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, հարգելի կառուցապատողներ, սիրելի երևանցիներ, կարծում եմ այս խոսակցությունները բավարար են, որպեսզի մենք իրար ճիշտ հասկանանք»,–ասաց Ավինյանը։

Նա նկատեց, որ այսօր տուգանքի չափը փոքր է. «Այսինքն, եթե դու այդ ցանցերը չես քաշում, մոտավորապես 70 հազար դրամ տուգանք ես վճարում։ Շատերը մտածեցին, վայ դե ի՞նչ մի երկու միլիոն, երեք միլիոն կամ չորս միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70,000 դրամը։

Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Այն ավագանու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Եվ այն տուրքերը, որոնք դուք ստիպված կլինեք վճարել՝ չպահպանելով Երևանի ավագանու կայացրած որոշումները, վստահորեն շատ և շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել։

Մեր գործընկերների հետ քննարկում եղավ տուգանքի ավելացման հետ կապված, այդպես, չգիտեմ, ինչ-որ մի կետում այդ քննարկումն էլ մահացավ, չգիտեմ նույնիսկ ինչ պատճառով և չգիտեմ ինչու չընդունվեց, որովհետև անտրամաբանական է ունենալ 70,000 դրամ տուգանք մի ծրագրի համար, որը նվազագույնը քո վրա պետք է նստի մի քանի միլիոն դրամ։

Իսկ հիմա ռադիկալ և 180 աստիճան հակառակ պրոցեսն է տեղի ունենում։ Ով քաղաքականությունը չպահպանեց, Երևանի ավագանու կողմից ընդունած, շատ և շատ փոշմանելու է»,– ընդգծեցվ նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել