Դեռևս հեռավոր 90-ականներին հայ ժողովուրդը ապացուցել է, որ անվտանգ և արժանապատիվ իր հայրենիքում ապրելը այլընտրանք չունի։ Ցավոք սրտի, վերջին տարիների իրադարձությունները ձևավորել են նոր իրականություն, մեզ փորձում են համոզել, ապացուցել, որ ճիշտը, նորմալը դա է, կեղծ խաղաղություն են մեզ փորձում մատուցել և դրա հետ մեկ տեղ մոռացության են տալիս մեր հերոս նահատակներին, մեր ժողովրդի սխրանքները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ես համոզված եմ, որ ամենից շատ լավ է լինելու, մենք երբևիցե չպետք է հուսահատվենք, չպետք է մոռանանք, թե ինչ ենք ունեցել և մշտապես պետք է հարգենք և մեր մտքերում հոգիներում և սրտերում պահենք Արցախի հարցը։

Իհարկե, մենք կուզեինք նորմալ իրավիճակում լինեինք, այսօր բոլորս կլինեինք Ստեփանակերտում, վստահ եմ՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենային տոնական միջոցառումներ, այնուհետև բոլորս կմասնակցեինք եղբայրական գերեզման պանթեոնում հարգանքի տուրքի մատուցմանը մեր հերոս նահատակներին, բայց ցավոք սրտի մենք այսօր այստեղ ենք՝ Եռաբլուրում և այստեղ ենք փորձում խոսել, հիշել Արցախի մասին։

Վերջին շրջանում թե թշնամու պետությունների, թե ցավոք սրտի նաև Հայաստանի իշխանությունների կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի էջը մշտապես փակելու ուղղությամբ, բայց ես վստահ եմ, որ Արցախի էջը հնարավոր չի փակել»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն այս պահին Արցախի հարցը գոնե օրակարգում պահելու համար՝ հաշվի առնելով, որ գործնականում հակառակ կողմից քայլեր արվում են, Վանեցյանը պատասխանեց. «Այս կողմից էլ են քայլերը արվում, այսօրվա այս միջոցառումն էլ են դրան նվիրված։ Դուք երևի տեղյակ չեք, բայց իշխանությունները այսօր փորձել են խոչընդոտել այս միջոցառման անցկացումը, բանավոր մեզ տեղեկացրել են, որ չգաք բացումը այսօր չանենք, որից հետո ասել են ուժ ենք կիրառելու։ Հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից, ուղղակի մի փոքր վատություն են արել, լույսերն են անջատել և չեն թողել այստեղ տեղադրել բարձրախոսներ, որ մարդիկ, ծնողները, զոհվածների, ընտանիքի անդամները իրենց սրտի խոսքը ասեն։ Ասում են Ալիևը կջղայնանա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել