Շուրջ երկու ամիս է մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները:
Աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը՝ առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր։
Նշենք, որ նախորդ տարի առաջին փուլով իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում Եղևնիների պուրակում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգ։
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։



Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armeniangenocidemuseum/posts/1175243464630026?ref=embed_post
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



