Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վերջին շրջանում անընդհատ հրապարակումներ են անում այն մասին, որ կուսակրոնության ուխտին հավատարիմ չմնացած հոգևորականները պիտի հայտարարեն ու հեռանան եկեղեցուց, Վեհափառ հայրապետն էլ պիտի հրաժարվի կաթողիկոսությունից: Բոլոր կարմիր գծերը հատող այս ագրեսիվ հարձակումները զույգը սկսեց մայիսի երեսունին ու շարունակում է մինչ օրս, չնայած մարդիկ համատարած դատապարտում են այդ վարքագիծը:

Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց` քանի որ մյուս հնարովի մեղադրանքները կյանքի կոչել չկարողացան, հետևաբար որոշեցին մարդկանց սեռական կրքերը գրգռել:
«Պատկերացնու՞մ եք, նրանք, որոնք սեռական կյանքով չպետք է ապրեն, ապրում են: Սուտ, կեղծիք, զրպարտություն, բայց մասսան ուզում է դա, ուզում է դրանով սնվել: Այսքան բանի մեջ, հերիք չի փողասեր էին, հերիք չի ցոփ ու շվայտ էին ապրում, հերիք չի մեզանից խելացի են, դեռ մի բան էլ կանանց հետ են լինո՞ւմ՝ ստորություն, ստորություն․․․բացառիկ ստորություն, հասկանում եք»,-ասաց Սրբազանը:

Բնականաբար իշխանության հաշվարկը կաշխատի, քանի որ օխլոսի շերտը բավականին շատ է հասարակության մեջ: Սակայն, այն օրը, երբ այս իշխանությունը տապալվի, այդ նույն օխլոսն է գոռալու՝ գնդակահարեք: 
«Դուք կարծում եք Չաուշեսկուին և նրա կնոջը գնդակահարողները նրան ծափահարողները չէի՞ն: Օխլոսն այն ամորֆ զնագվածն է, որը գիտի իրեն ինչպես պահի ամեն իշխանության ժամանակ՝ հեղափոխության ժամանակ հեղափոխական է, հակահեղափոխականի ժամանակ` հակահեղափոխական է, բոլշևիկների ժամանակ բոլշևիկ են, անտիբոլշևիկների ժամանակ` անտիբոլշևիկ են»,-շեշտեց տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

Ցավոք, սրիկաներ կան նաև մեր ազգի մեջ, ովքեր անբացատրելիորեն պատրաստ են իրենց մորը ոչնչացնել , որպեսզի հասնեն իրենց ստոր նպատակին: 

«Ինքնասպանության պես մի բան է սա՝ կամ, կամ: Կամ կհաղթեն, ինչը որ անհնարին է, կամ կկորցնեն ամեն ինչ, ինչը որ երաշխավորված է: Մի ասացվածք կա՝ երբ որ շան սատկելը գալիս է, գնում է, եկեղեցու պատի տակ է կեղտոտում: Ուրեմն, շան սատկելու ժամանակը եկել է»,- ասաց Սրբազանը:

Անդրադառնալով կաթողիկոսի շուրջ ծավալված հասարակական քննարկումներին, Սբազանը շեշտեց, եթե ինքներդ այդ բեռի տակ չեք մտել, ուրեմն ճանաչեք ձեր չափը:

«Դուք իրավունք չունեք խառնվել մեր գործերին, որովհետև դուք չեք մտել այս բեռան տակ, ինչ կա չհասկանալու: Եպիսկոպոսաց դասը երաշխավորն է Վեհափառի անձեռնմխելիության, մինչև Վեհափառին հասնելը դուք մեր վրայով պիտի անցնեք, կկարողանա՞ք, ուժերդ կպատի՞: Մինչև Վեհափառին հասնելը, մեզ պիտի ոչնչացնեք, որ հասնեք Վեհափառին, պիտի կարողանաք, ուժներդ պիտի պատի»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Այս իշխանությունների կողմից եկեղեցու, կաթողիկոսի վրա հարձակումների նպատակը մեկն էր, որպեսզի կաթողիկոսն անհնազանդության կոչ աներ, ինչը կհանգեցներ ֆիզիկական բախումների, սակայն եկեղեցին չի պատրաստվում այս իշխանությունների հեղինակած խաղը խաղալ:

«Եկեղեցին այսուհետ էլ չի անելու այն, ինչ ինչ իրենք դրդում են, որ մենք անենք»,- շեշտեց Սրբազանը:
Եկեղեցին երեկ չէ առաջին օրը ստեղծված կառույց չի, նույնը` Վեհափառը, նույնը` հոգևորականները, ասում է տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Մենք գալիս ենք սովետական կայսրությունից, մենք սովետական կայսրության հետ ենք խաղեր տվել, այսպես ասեմ, մեր վախը վաղուց չափված է, այն ժամանակ է չափվել մեր վախը, դուք ո՞վ եք: Ես եթե բուդիստ լինեի և հավատայի ռեինկարնացիային, կկարծեի, որ սրանք նախորդ կյանքում եղել են անձրևորդեր, հաջորդ կյանքում ծնվելու են իբրև ասկարիդ: Դրանից ավելիին ունակ չեն, իրենց բախտը բերել է, որ բուդիստ չեմ»,- նկատեց Շիրակի թեմի առաջնորդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0dc70d6500ed2795a62cf8310dd0d6b7

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել