Hraparak.am-ը գրում է․
Միլիարդատեր, հայտնի գործարար Իլոն Մասկն օրեր առաջ հեռացավ Սպիտակ տան վարչակազմից։ Նա մի քանի ամիս ղեկավարեց Դաշնային կառավարության նորաստեղծ Արդյունավետության դեպարտամենտը, քանի որ հատուկ պետական ծառայողի համար հատկացված ժամկետը մոտենում էր ավարտին։ Ու հիմա, երբ Մասկն այլեւս պետական պաշտոնյա չէ, կարելի է ամփոփել, թե ինչ առաքելություն իրականացրեց նա Թրամփի վարչակազմում՝ այս ամիսների ընթացքում։ Ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մակարկինը գրում է, որ Թրամփի համար ձեռնտու էր Մասկի ժամանակավոր ներկայությունն իր վարչակազմում։ Նրա ձեռքով Թրամփը լուծարեց մի շարք կառույցներ, որոնք իր վարած քաղաքականության հանդեպ լոյալ չէին տրամադրված։
Հստակեցնենք, որ Թրամփի համար լոյալությունն անվերապահ նվիրվածությունն է։ Գործընթացն իրականացվեց միջոցների խնայման համար մղված պայքարի դրոշի ներքո։ Սակայն արված տնտեսումները, կարելի է ասել, «ծովի մեջ մեկ կաթիլ ջրի» արժեք ունեցան՝ ամերիկյան բյուջեի ընդհանուր ծախսերի համեմատ։ Կան նաեւ հիմքեր՝ ենթադրելու, որ ժամանակի ընթացքում Մասկի իրականացրած կրճատումների մի զգալի մասը վերականգնվելու է, քանի որ պետական ապարատում հաստիքային ցանկացած կրճատում ի վերջո բերելու է դրա ավելացմանը։ Սպիտակ տան վարչակազմում՝ հատուկ պետական ծառայողի կարգավիճակով անցկացրած այս ամիսները Մասկի համար այնքան էլ հաջողված չի կարելի համարել։ Նա անախորժությունների բախվեց` կապված Tesla-ի գնորդների հետ։ Այդ ավտոմեքենաները նախկինում համարվում էին առաջընթացի խորհրդանիշը, իսկ հիմա արդեն կապված են թրամփիզմի հետ։ Միջին դասի մի հատվածը Tesla չի գնում, որքան էլ որ արդարացնում կամ հիմնավորում է թրամփիզմը, իսկ միջին դասի ավելի ունեւոր հատվածը, որը Tesla է գնում, թրամփիզմին վերաբերվում է որպես բարբարոսության։ Բացի այդ՝ ծայրահեղ ձախականներն էլ վանդալիստական գործողություններ իրականացրին Tesla-ի հանդեպ։ Արդյունքում՝ ընկերության բաժնետոմսերը սկսեցին էժանանալ, մի բան, որ Մասկին բացարձակապես ձեռնտու չէր։ Ու հենց որ Մասկը հայտարարեց, որ դարձյալ վերադառնում է բիզնես, դրանք նորից թանկացան։
Երբ Մասկը մաս կազմեց Թրամփի վարչակազմին, պարզվեց, որ հանրապետականների առավել պահպանողական թեւը նրանից դժգոհություններ ունի։ Նրանք հանդես էին գալիս ցանկացած միգրացիայի՝ առավելագույնս սահմանափակման օգտին։ Սա՝ այն դեպքում, երբ խոշոր եւ բարձրտեխնոլոգիական բիզնեսը, որի վառ ներկայացուցիչը Մասկն էր, ապավինում է բարձր որակավորում ունեցող միգրանտներին՝ նրանց ներգրավելով իրենց ընկերություններում։ Հաջողված չի կարելի համարել նաեւ այն, որ Մասկը պետական պարտքի սահմանաչափի բարձրացումը 4 տրիլիոն դոլարով բարձրացնելուն դեմ արտահայտվող ծայրահեղ պահպանողականների հետ նույն ճամբարում հայտնվեց՝ պետական ծախսերի կրճատման օրենքն իրականացնելիս։ Առհասարակ, եթե ամփոփենք, նշում է Մակարկինն իր վերլուծականում, ներկայացնելով Մասկի՝ Թրամփի վարչակազմի հետ աշխատանքային ամիսների ամփոփումը, ապա այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս այն իրողությունը, որ ամերիկյան իրականության մեջ բիզնեսը քաղաքականության վրա ունի բավականին սահմանափակ ազդեցություն։



