Ամերիա Բանկի բջջային հավելվածը հաճախ չի աշխատում այն պահին, երբ դրա կարիքը ամենաշատն է լինում։ Տասնյակ օգտատերեր նշում են, որ հավելվածը պարբերաբար դուրս է գալիս շարքից՝ հատկապես վճարումների, փոխանցումների կամ հաշիվների միջև գումար շարժելու ժամանակ։ «Գնում եմ խանութ, գումար ունեմ, բայց չեմ կարող օգտագործել։ Ուղղակի չի աշխատում։ Բարկացած եմ։ Վճարում եմ ուրիշ բանկի քարտով՝ չնայած որ Ամերիայի հաճախորդ եմ», — պատմում է օգտատերերից մեկը։ Բացի վճարումներից, հաճախ հնարավոր չէ անգամ սեփական հաշվարկային հաշվից քարտայինին գումար ուղարկել։ Հավելվածը տապալվում է առանց զգուշացման՝ թողնելով օգտատերերին անհարմար և երբեմն ամոթալի վիճակում։ Հաճախ մարդիկ ստիպված են լինում ապավինել այլ բանկերի, որովհետև Ամերիայի հավելվածը «անհասանելի» է, իսկ բանկը ոչ մի պատասխանատվություն չի վերցնում՝ տեխնիկական խնդիրների համար։ Հարցեր, որոնք բարձրացնում են հաճախորդները․ Ինչու՞ է հավելվածը պարբերաբար խափանվում։ Ինչու՞ բանկը չի նախազգուշացնում սպասվող խափանումների մասին։ Արդյոք բանկը գիտակցո՞ւմ է, թե ինչ վիճակի մեջ է դնում իր օգտատերերին։ Թվային ծառայությունները պետք է հեշտացնեն կյանքը, ոչ թե դարձնեն նյարդայնացնող ու անպատասխանատու փորձություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: