Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մայնի Ֆրանկֆուրտում գործունեություն ծավալած երեք ենթադրյալ լրտեսների դեմ, ովքեր գործել են Ռուսաստանի օգտին։ Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն: 

Այդ երեքը, ըստ մեղադրող կողմի, վարձվել են ռուսական հատուկ ծառայությունների կողմից՝ Գերմանիայում նախկին ուկրաինացի զինվորականին լրտեսելու համար: 

Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները Ուկրաինայի, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են։ Նրանք մեղադրվում են առանձնապես ծանրացնող հանգամանքներով արտաքին հետախուզության համար աշխատելու մեջ։

Դատախազության տվյալներով՝ 2024 թվականի մայիսի սկզբին Հայաստանի քաղաքացին հանձնարարություն է ստացել ռուսական հատուկ ծառայությունից՝ Գերմանիայում հայտնաբերելու մի տղամարդու, ով Ուկրաինայի զինված ուժերի նախկին սպա է։ Հանձնարարականը կատարելու համար մեղադրյալը հավաքագրել է երկու ենթադրյալ հանցակիցների։

2024 թվականի հունիսի 19-ին նախատեսվել է, որ թիրախը կհրավիրվի հանդիպման Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնում գտնվող սրճարանում։ Այնտեղ կասկածյալները պետք է լրացուցիչ տեղեկություններ հավաքեին ուկրաինացի նախկին սպայի մասին։ Սակայն, վերջինս նախօրոք դիմել է գերմանական ոստիկանություն և չի ներկայացել հանդիպմանը։ Կասկածյալները կալանավորվել են և այդ ժամանակվանից գտնվում են կալանքի տակ։

Դաշնային դատախազությունը ենթադրում է, որ հնարավոր է, որ խմբի նպատակը կարող էր լինել ուկրաինացի նախկին սպայի ոչնչացումը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել