Կարիերայի սկիզբ
- Ե՞րբ սկսեցիք աշխատել վիդեո արտադրության ոլորտում։
- 2007 թ.-ից սովորել եմ «Արմենիա» հեռուստաընկերությունում և 2009 թ.-ից աշխատել եմ իմ մասնագիտությամբ։
- Ի՞նչն է ազդել Ձեր մասնագիտության ընտրության վրա։
- «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելի նկարահանումներին ներկա գտնվելով, տեսնելով օպերատորի աշխատանքը՝ հետաքրքրություն առաջացավ իմ մեջ, և ընտրեցի օպերատորի մասնագիտությունը։
- Որո՞նք էին Ձեր առաջին քայլերը ոլորտում, ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։
- Իմ առաջին քայլերը ոլորտում սկսվել են «Բարի լույս» նախագծից, որի ընթացքում ես սովորել և աշխատել եմ ուղիղ եթերում։

Աշխատանք  «Արմենիա TV»-ում

- Պատմեք «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատելու Ձեր փորձի մասին։ Հատկապես ո՞ր նախագծերն եք հիշում։

- 2009թ.-ից աշխատելով «Արմենիա  TV»-ում՝ ձեռք եմ բերել շատ մեծ փորձ նկարահանման ցանկացած ոլորտում՝ տեսահոլովակի, ֆիլմի, հաղորդումների, ուղիղ եթերների, հեղինակային ծրագրերի, համերգների, քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների, լրատվական դաշտում և սպորտային հաղորդումների նկարահանում։

Այս 16 տարիների ընթացքում նկարահանել եմ  «Արմենիա TV»-ով եթեր  գնացած բոլոր հաղորդումները, բոլորն էլ հիշում եմ, բայց կառանձնացնեմ «Հայաստանի ձայն», «Ամենախելացի», «Միմինո»  նախագծերը: Դրանց շնորհիվ ձեռք եմ բերել մեծ փորձ, քանի որ այս նախագծերում  ներգրավված են եղել դրսից հրավիրված կոլեգաներ և մեզ հետ կիսվել են իրենց աշխատանքային փորձով։

- Ի՞նչ է ձեզ տվել աշխատանքը ոլորտի լավագույն մասնագետների հետ «Արմենիա TV»–ում, ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները։

- Ոլորտի լավագույն մասնագետների հետ «Արմենիա TV»-ում աշխատանքը, նրանց հետ շփումն ինձ դարձրել են պրոֆեսիոնալ իմ մասնագիտության մեջ և սովորեցրել պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից։

Որպես ուսուցիչ կնշեմ Աշոտ Հովհաննիսյանին, Վազգեն Մուրադյանին, Վազգեն Մանվելյանին, ովքեր միշտ եղել են իմ կողքին։

Ճանապարհորդություններ և Էքստրեմալ նկարահանումներ 

- Ո՞ր երկրներում եք նկարահանումներ արել։ Որո՞նք  էին ամենաարտասովոր վայրերը։

- Լինելով բոլորիս շատ հայտի «Աշխարհի համերով», «Տանից հեռու» նախագծերի օպերատորը՝  այցելել եմ աշխարհի  շատ ու շատ երկրներ՝ Եթովպիա, Մարոկկո, Հնդկաստան, Վիետնամ, Լաոս, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Բրազիլիա, Արգենտինա, Էկվադոր, Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ, Քենիա, Մադագասկար,Պերու, Հոնկոնգ։ Համագործակցելով այլ ընկերությունների հետ՝ այցելել եմ Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չեխիա, Ավստրիա, Իտալիա։

Ամենաարտասովոր վայրերից կնշեմ Եթովպիան և Հնդկաստանը։

Բոլոր նշածս երկրներում նկարահանումներ անելը շատ հետաքրքիր էր, բայց կառանձնացնեմ Ճապոնիան, որովհետև այն տարբերվում է աշխարհի բոլոր պետություններից իր կուլտուրայով և մտածելակերպով։

- Պատմեք ամենահետաքրքիր նկարահանումների մասին։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

- Դժվարությունների հանդիպում ենք բոլոր տեղերում էլ, բայց մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ դրանք չեն փոխանցվում էկրաններից այն կողմ։ Իսկ Էքստրեմալ իրավիճակում հայտնվել ենք Պերույում, երբ պետք է նկարելով մագլցեինք ժայռը։ Այդ ժամանակ 3 կողմից կապված էինք, բայց մենք դա արեցիք և դրա վառ ապացույցն էլ տեսել եք էկրաններով։

- Երբևէ եղե՞լ են վտանգավոր իրավիճակներ նկարահանումների ժամանակ։ Ինչպե՞ս եք վարվել այդ ժամանակ։

- Վտանգավոր իրավիճակում հայտնվել ենք Եթովպիայի ցեղերի մոտ։ Մենք մի փոքր ուշ հասանք նրանց մոտ նկարահանումներ իրականացնելու համար, նրանք արդեն գինովցած էին և գնալով դառնում էին անկառավարելի։ Այդ ամենը նկատելով՝ մեր զբոսավարն ասաց, որ պետք է շտապ հեռանանք այդ վայրից,  բայց այնպես, որ նրանք չզգան, թե չէ նրանք մեզ չէին թողնի հենց այնպես գնալ։

Իսկ Հնդկաստանի Մումբայ քաղաքի հետնախորշերում նկարահանումների ժամանակ փորձում էին գողանալ մեր իրերը։ Զգալով, որ նրանք գնալով ավելանում են, ուղղակի սկսեցինք վազել դեպի մեր մեքենան, իսկ նստելուց անմիջապես հետո սկսեցին քարեր նետել մեր ուղղությամբ։ Այդպիսի պահերին մենք փորձում ենք մեզ պահել շատ հանգիստ, որպեսզի նրանք չմտածեն, թե մենք ագրեսիա ենք ուզում ցուցաբերել։

Աշխատանք հայտնի մարդկանց հետ

- Ո՞ր հայտնի մարդկանց հետ եք աշխատել։

- Աշխարհահռչակ դեմքերից աշխատել եմ Շառլ Ազնավուրի, Անդրեա Բոչելիի, Խուլյո Իգլեսիասի, Պատրիսիա Կասի, Մոնսերատ Կաբալյեի հետ՝ նկարահանելով նրանց երևանյան համերգները և հարցազրույցները։

- Ինչո՞վ են տարբերվում հասարակական գործիչների հետ նկարահանումները սովորական նախագծերից։

- Հասարակական գործիչներին նկարահանելիս պահանջվում է  առանձնահատուկ  մոտեցում՝ հաշվի առնելով նրանց կարգավիճակը, որպեսզի ճիշտ ձևով նկարահանես և ներկայացնես հանրությանը։

Մասնագիտություն  և  անձնական մոտեցում

- Ձեր կարծիքով ո՞ր հատկանիշներն են լավ օպերատոր դարձնում։

- Լավ  օպերատոր դառնալու համար մի քանի կարևոր հատկանիշներ կան, որոնք միասին են ձևավորում պրոֆեսիոնալիզմը, օրինակ՝ տեխնիկական գիտելիքները, կերպարային զգացողությունը՝ կադրի գեղեցկությունը, կոմպոզիցիան, լույսը, ստվերը, շարժումը տեսնելը, թիմային աշխատանքը, ստեղծագործ մոտեցումը և ֆիզիկական դիմացկունությունը։

- Ինչպե՞ս եք մոտենում յուրաքանչյուր նախագծի, ունե՞ք Ձեր սեփական ոճը կամ «ստորագրությունը»։

- Յուրաքանչյուր նախագծի մոտենում եմ իր տրամադրությամբ և շատ մեծ պատասխանատվությամբ։

Ես ունեմ իմ տեսողական ձեռագիրը՝ սիրում եմ աշխատել բնական լույսի հետ, կառուցել խորը կադրեր ու ձգտում եմ, որ ամեն կադր խոսի իր մասին։

- Ին՞չն է ձեզ ամենաշատը դուր գալիս օպերատոր լինելու մեջ։

- Օպերատոր լինելու մեջ ինձ դուր է գալիս ստեղծագործելը, պատկերի միջոցով մեր շուրջը տեղի ունեցող իրականությունը փոխանցելը։ Դրա հետ մեկտեղ գրավում է աշխատանքի բազմազանությունը, այս կամ այն իրավիճակներում հայտնվելը։

Հարցազրույցը վարեց Հրանուշ Էլոյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել