«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն արդեն երկրորդ օրն է՝ փակ են պահում Բաղրամյան պողոտան։ Շարժման անդամներն ու քաղաքացիները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում, իսկ օրը սկսել տերունական աղոթքով։

Ակցիայի մասնակիցները նախօրեին վրաններ են տեղադրել, իսկ գիշերը՝ խարույկներ վառել։ Երեկ երեկոյան նրանք ֆիլմ են դիտել և ազգային պարեր պարել, ինչից հետո գիշերել են ակցիայի վայրում

Ոստիկանությունը Բաղրամյան ու Պռոշյան փողոցների կողմից շարունակում է փակ պահել Դեմիրճյան փողոցը։ Ներկա պահին նշված փողոցների հատվածներում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Ոստիկանությունն ուժեղացված ծառայությունն է իրականացնում ԱԺ շենքի հարակից տարածքներում, նրանց շարքերը շարունակվում են համալրվել։ 

Նշենք, որ երեկ՝ հունիսի 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Բաղրամյան պողոտան փակ պահող ցուցարարներին ներկայացրեց առաջիկա անելիքները՝ հայտարարելով, որ կգիշերի ակցիայի վայրում, իսկ հունիսի 11-ին ոչ կենտրոնացված ձևով ակցիաներ կիրականացվեն։

Հիշեցնենք՝ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց: Ցուցարարների մի խումբը երթով շարժվեց դեպի կառավարական ամառանոցներ, սակայն այնտեղ ևս ոստիկանները թույլ չտվեցին Պռոշյան փողոցից մտնել Դեմիրճյան փողոց:

Գիշերն իրավիճակը մայրաքաղաքի այս հատվածներում լարված է եղել։ Ի վերջո երթը վերադարձել է Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվել է վրաններ տեղադրելու և նստացույց սկսելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել