Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման ենթարկել, ապա ոստիկանները պատ են կազմել՝ փակելով գյուղի մուտքը եւ թույլ տալով, որ միայն կիրանցիները մտնեն։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել կատարվածը։ Նա կարծում է, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են․ «Ազատ տեղաշարժն այս ձեւով չեն կարող սահմանափակել, դա ոստիկանության խնդիրներից չի բխում։ Օրինակ՝ եթե մի տեղ հրդեհ լինի, չթողնեն մոտենալ, դա ուրիշ բան է, բայց այդ նույն ոստիկանությունը, որը փողոց փակած խաղաղ ցուցարարներին պահանջ է ներկայացնում՝ բացել ճանապարհը, պատճառաբանելով, որ նրանք չեն կարող խոչընդոտել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, հիմա իրենք են ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտում՝ առանց որեւէ պատճառաբանության»։

Նախկին փոխոստիկանապետ, ներկայում փաստաբան Հովհաննես Քոչարյանին հարցրինք, թե երբ եւ ինչ նպատակով կարող է ոստիկանությունը մի ողջ բնակավայր փակել։ «Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հատուկ միջոցառումներ իրականացնելիս իրավունք վերապահված է ոստիկանությանը՝ ինչ-որ տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ փոխարինող անձի որոշմամբ, տարածքների շրջափակում իրականացնել, եւ նույնիսկ անհրաժեշտության դեպքում կարող են կատարել նաեւ տրանսպորտային միջոցների զննություններ՝ այդ գործողության ժամանակ։ Նպատակը հասարակական կարգի պահպանումը կարող է լինել, կազմակերպիչների աշխատանքները խափանող գործողությունների կանխումը, հատուկ թվարկում չկա։ Հասարակական կարգի պահպանությունն ինքն արդեն նպատակ է, եւ ոստիկանությունը կարող է ժամանակավորապես նաեւ մարդկանց տեղաշարժը սահմանափակել, մինչեւ դրա անհրաժեշտությունը վերանա։ Այսինքն՝ երբ ասում ենք լեգիտիմ նպատակ, պետք է հասկանանք հասարակության անվտանգությունը, իսկ տվյալ պարագայում վստահ եմ, որ հիմնավորումները դրանք են․ հասարակական անվտանգությունն ու երեւի թե սահմանազատման աշխատանքները խոչընդոտող գործողությունները բացառելը»:

Փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն ասաց. «Ես մանրամասներից տեղյակ չեմ, ընդհանուր գիտեմ, որ այնտեղ ոստիկանությունը ծառայություն է կատարում։ Ոստիկանությունը զուտ իր պարտականությունն է կատարում, այսինքն՝ այն, ինչ հրահանգավորվել է։ Ճանապարհը բացելու ընթացքում ուժ կիրառվել է, թե չի կիրառվել, արդյոք դա համապատասխանո՞ւմ է օրենքին, պիտի այդ մանրամասներին տեղյակ լինես, որ կարողանաս կարծիք հայտնել։ Այն, որ ոստիկանությունը պետք է ծառայություն կատարեր, բնական է, միջպետական ճանապարհը որ պետք է բացվեր, դա էլ է բնական ։ Ցուցարարներն էլ իրենց պարտականություններն են կատարում, իսկ ընդհանուր մանրամասներին չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ ասեմ՝ ոստիկանության գործողությունները համապատասխանո՞ւմ են օրենքին, թե՞ ոչ»։ Նախկին փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք՝ հիմա, երբ ինքը թոշակի է, ավելի շատ ոստիկանների՞ կողմից է, թե՞ ցուցարարների։ «Անկախ նրանից՝ ես թոշակի եմ, թե թոշակի չեմ, ոստիկանությունը միշտ ծառայություն է կատարում։ Այսօր եթե այս մի ոստիկանը չլինի, մյուսն է լինելու, նույն գործողությունն է կատարելու։ Ուրիշ հարց է՝ իր ծառայությունը կատարելու ընթացքում ինքը բիրտ ուժ կիրառո՞ւմ է, թե՞ չի կիրառում… Իսկ ընդհանուր իմ կարծիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն այլեւս կորուստ չպետք է ունենա, սահմանային կորուստ պիտի չունենանք, տարածքային կորուստ պիտի չունենանք, մարդկային կորուստ պիտի չունենանք, իսկ մնացածը քաղաքական հարցեր են, որոնց պատասխանը ես հիմա հեռախոսով տալ չեմ կարող։ Ես միշտ ոստիկանների կողմնակիցն եմ, 40 տարի ոստիկանությունում ծառայած մարդը ո՞նց կարող է ոստիկանության կողմը չլինել, դա անհնարին է։ Ով էլ լինի, պիտի ծառայություն կատարի, առանց ոստիկանության պետություն չկա, ոստիկանությունն ամենակենտրոնական սյունն է, հենարանը, ոստիկանությունն է պահում պետությունը, եթե ոստիկանություն չլինի, պետություն չի կարող լինել, եւ միակ ուժային մարմինն է, որը քաղաքականությամբ քիչ է զբաղվում։ Դարերի ընթացքում բանակը մի քանի անգամ պետության նկատմամբ դավաճանություն է կատարել, փորձել են հեղաշրջում ու իշխանափոխություն անել, բայց ոստիկանությունը նման բան երբեւիցե չի արել որեւէ պետության մեջ։ Չկա այդպիսի օրինակ»։

Դիտարկմանը, որ սա քաղաքական հարց չէ, այլ պետության լինել-չլինելու, պատասխանեց․ «Լինել-չլինելու հարցն է, մենք՝ բոլորս էլ Հայաստանի անկախության, սահմանների անքակտելիության կողմնակիցն ենք, հիմա այնպիսի իրավիճակի ենք եկել հասել, որ շատ դժվար է պատասխաններ տալ։ Անձամբ ես, որպես հայ մարդ, սիրտս ցավում է, նույնիսկ գիշերները չեմ կարող քնել՝ այս իրավիճակից ելնելով... գոնե սրանից հետո պիտի կորուստ չունենանք, կարողանանք եղածը պահել»։

Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն էլ ասաց, որ նախընտրում է չխոսել, որովհետեւ․ «Քննչական կոմիտեի դեպքից հետո կարելի է ընդհանրապես չխոսել, որովհետեւ երբ լռության արժեքն ավելի բարձր է, քան խոսքի արժեքը, ավելի լավ է լռել, որովհետեւ եթե ինչ-որ բան պետք է ասվի, ու այդ ասվածը պիտի չունենա ե՛ւ իրավական, ե՛ւ ուղղակի հետեւանք, ուրեմն խոսելու իմաստը չեմ պատկերացնում»: «Քննչական կոմիտեի դեպք» ասելով, պարզվեց, նկատի ունի Սամվել Վարդանյանի խոշտանգումը, երբ ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ոստիկաններն իբրեւ թե գնացել էին միզելու, իսկ այդ ընթացքում դիմակավորված անձինք խոշտանգել էին քաղաքացուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել