Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել ընթացիկ հարցերը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե մտավախություն կա՞, որ Երևանը կպահանջի Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը՝ Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ հրատապ հարցեր»:

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին ՌԴ նախագահի երդմնակալության արարողության օրն է, իսկ մայիսի 8-ին՝ ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Կմեկնի՞ ՌԴ ՀՀ վարչապետը, թե՞ ոչ՝ կառավարությունից Aysor.am-ին ասել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։

Օրեր առաջ Aysor.am-ի թղթակիցն Ազգային ժողովում նաև վարչապետից էր հետաքրքրվել՝ մասնակցելո՞ւ է ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանն ու մայիսի 8-ին կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին։

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քննարկում են ԵԱՏՄ նիստին մասնակցությունը, իսկ ՌԴ նախագահի երդմնակալության վերաբերյալ հարցն անպատասխան էր թողել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել