«Հրապարակ»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

- Խնդրում եմ գնահատել ապրիլի 5-ից հետո ստեղծված աշխարհաքաղաքական ֆոնը՝ հաշվի առնելով Թեհրանից ու Մոսկվայից ստացվող մեսիջները։

- Նախ, ապրիլի 5-ի հանդիպումը, որքան էլ օրվա իշխանությունները չփորձեն դրա արդյունքները թմբկահարել, ակնհայտ է, որ չի արդարացրել այն սպասումները, որոնք մատուցվում էին հասարակությանը մինչեւ այդ հանդիպումը։ Եթե հիշում եք, հանդիպման նախօրեին բավականին մեծ սպասումներ կային, որոնք պետք է տպավորություն ձեւավորեին, որ այն շրջադարձային նշանակություն է ունենալու Հայաստանի անվտանգային ոլորտի, հետագա ճակատագրի համար։ Արդյունքում ստեղծված պատկերը կարելի է բնութագրել, մեղմ ասած, որպես շատ աղմուկ` ոչ մի բանից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Իրանի արձագանքներին, ապա դրանք ակնկալվող էին, որեւէ նոր բան այստեղ չեմ տեսնում։ Ռուսաստանն ու Իրանն ունեն իրենց հստակ առաջնահերթություններն այս տարածաշրջանում, եւ պետք է արձանագրենք, որ ՀՀ այսօրվա իշխանությունների եւ Ռուսաստանի ու Իրանի իշխանությունների առաջնահերթությունները չեն համընկնում։

- Իսկ այսօր Հայաստանն իսկապե՞ս այն վիճակում է, որ կարելի է զուգահեռներ անցկացնել մեր ու Ուկրաինայի միջեւ, վարվող քաղաքականությունը նմա՞ն է։

- Նախ, զուգահեռներ անցկացնելն արդյունավետ ճանապարհ չէ, որովհետեւ ցանկացած իրավիճակ ունի իր առանձնահատկությունները, արմատներն ու պատճառները։ Միակ զուգահեռն այստեղ այն է, որ երկու դեպքում էլ իշխանություններն այնքան սխալներ թույլ տվեցին, որ, ի վերջո, գնացին իրավիճակի սրման, ինչը ծանր հետեւանքներ ունեցավ երկու երկրների համար էլ։

- Այսինքն, եթե քաղաքականությունը չփոխվի, Հայաստանը ե՞ւս ուկրաինական սցենարի առաջ կկանգնի, որովհետեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն էլ ուղղակիորեն ներգրավված չէր հակամարտության մեջ, պատերազմի թատերաբեմն Արցախն էր։ 

- Դե, կարծես դրա մասին այսօր բաց խոսում են բոլորը, իհարկե՝ տարբեր նպատակներով։ Իշխանության ամենանախընտրելի զբաղմունքն է՝ հասարակությանը վախեցնել պատերազմով եւ դրանով արդարացնել այն ոչ հիմնավորված զիջումները, որոնց նա պատրաստվում է գնալ։ Այսինքն՝ իշխանությունները կարծես թե իրենք են նախընտրում պատերազմի սցենարը, որպեսզի հետագայում արդարացնեն իրենց պարտվողական քաղաքականությունը։

- Պատերազմից հնարավո՞ր է խուսափել, եթե վարվի այլ քաղաքականություն, թե՞, ինչպես ասում են, վիճակը նետված է։

- Ես կարծում եմ, որ հնարավոր է, խաղաղության հնարավորությունը սպառված չէ։ Դրա համար պետք է վարել ավելի հետեւողական քաղաքականություն, այսինքն՝ չարդարացված զիջումների վրա կառուցված քաղաքականությունը չի հանգեցնում խաղաղության հաստատման, հակառակը՝ ուժի կիրառման, բռնաճնշման ճանապարհով ավելի մեծ գերնպատակների հասնելու համար հակառակորդի մոտ ավելի մեծ ախորժակ է ձեւավորում։

- Մյուս կողմից, թվում է, Հայաստանը միջազգային մեկուսացման մեջ է, դաշնակից երկրների առաջնահերթությունները չեն համընկնում Հայաստանի վարած քաղաքականության հետ, Արեւմուտքն էլ վակուումը լրացնել չի պատրաստվում, հետեւաբար, ո՞ւմ հույսով են իշխանությունները շարունակում այս քաղաքականությունը։ 

- Եկեք հասկանանք, թե ինչու է Հայաստանը մեկուսացել։ Դա ներկայիս վարչակազմի վարած անհաջող արտաքին քաղաքականության արդյունքն է։ Պետք է շտապ վերանայել արտաքին քաղաքականությունը եւ արտաքին խաղացողներին։ Միակ ճանապարհը՝ կանխելու այն վտանգավոր ուղին, որի վրա այսօր Հայաստանն է կանգնած, դա, եկեք պարզ խոսենք, իշխանափոխությունն է, նոր իշխանության ձեւավորումը, որն իրոք կկարողանա վարել այնպիսի քաղաքականություն, որի նպատակը կլինի սպասարկել երկրի ազգային շահը, այլ ոչ թե այս կամ այն ուժային կենտրոնի շահերը։

- Այդ մասին խոսում են գրեթե բոլորը՝ քաղաքական ուժերից մինչեւ հոգեւոր առաջնորդներ, բայց դա տեղի չի ունենում։ Ինչո՞ւ, գուցե արտաքին գործո՞նը նշանակություն ունի։

- Կարծում եմ՝ նախեւառաջ խնդիրը մեր մեջ է։ Այն, որ Դուք հիշատակեցիք՝ առաքելական եկեղեցին առիթը պատեհ համարեց՝ հանդես գալու համախմբման կոչով, վկայում է իրավիճակի օրհասական լինելու մասին, եւ պահը եկել է սթափվելու, համախմբվելու։ Որքան շուտ կարողանանք դա անել, այնքան շուտ կկարողանանք քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու մեր գահավիժումը։

- Կա՞ այդ ռեսուրսը՝ ներսում ու դրսում, որովհետեւ, եթե վերլուծենք իշխանության ուղերձները, թվում է, մենք պատային իրավիճակում ենք։

- Իհարկե, այս իշխանությունն իր գոյության գրավականը տեսնում է հենց դրանում՝ ստեղծել կեղծ տպավորություն, որ ինքն այլընտրանք չունի, եւ այն, ինչ անում է, նույնպես այլընտրանք չունի։ Իրականում, կան բազմաթիվ այլընտրանքներ ու հնարավորություններ, ուղղակի դրա համար պետք է աշխատել, աշխատել շատ ծանր եւ հետեւողական։

- Նկատի ունենալով Ռուսաստան-Արեւմուտք գերլարված հարաբերությունները, Հարավային Կովկասում, որտեղ երկուսն էլ շահեր ունեն, ինչպե՞ս է հնարավոր համադրել մեր շահերը նրանց հետ, որպեսզի դա չլինի «կամ-կամ»-ի ընտրություն ու մեզ չտանի կողմերից մեկի հետ առճակատման։

- Հարցը խորքային է` պահանջում է երկար վերլուծություն, բայց եթե կարճ ասեմ, դրա համար առնվազն մեկ կարեւոր պայման կա՝ չփորձել խաղալ այդ հակասությունների վրա, այլ հակառակը՝ փորձել վարել այնպիսի քաղաքականություն, որը միտված կլինի ոչ թե հակասությունների սրմանը, այլ նպատակ կունենա մեղմել այդ հակասությունները։ Ես նոր բան չեմ ասում։ Եկեք չմոռանանք, որ դիվանագետները կատարում են քաղաքական ուժի ուրվագծած քաղաքականությունը։ Ամենակարեւորն է՝ ունենալ ազգային իշխանություն, որն իր օրակարգում իրոք ունի ազգի արժեքներն ու նպատակները։

- Հայաստանի վարչապետը խորհրդարանում կրկին խեղաթյուրեց արցախյան հիմնախնդրի պատմությունը, այն դեպքում, երբ նա միակն է ՀՀ ղեկավարներից, ով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

- Իմ խորին համոզմունքն է, որ հատկապես վերջին շրջանի նրա դատարկախոսությունը, ինչ-ինչ փաստերի վրա հղում կատարելն ու տարօրինակ մեկնաբանություններն այլեւս չեն գտնում այն լսարանը, որը նախկինում, եկեք խոստովանենք, գտնում էին։ Մարդիկ բավականաչափ կշտացած են այդ խոսքերից եւ շատ լավ են հասկանում, թե ում պատճառով է այսօր Արցախը հայաթափված եւ ում պատճառով է, որ գոյութենական վտանգը կախված է արդեն Հայաստանի վրա։ Կարելի է երկար ժամանակ սուտ տարածել, կեղծ մեկնաբանություններ անել, բայց չի կարելի հավերժ խաբել։ Դա այլեւս ազդեցիկ չէ, ինչը գալիս են ապացուցելու հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունները, մեր շփումները։ Մարդիկ, ի վերջո, սկսել են հասկանալ, թե կատարվածի պատասխանատուն ով է, եւ ինչպես է նա փորձում այդ պատասխանատվությունն իր վրայից հեռացնել։

- Այս ամենից հետո Արցախի խնդիրը հնարավո՞ր է նորից միջազգային օրակարգ բերել, թե՞ անշրջելիության կետը հատված է։

- Իհարկե, հնարավոր է, կրկին շեշտեմ՝ դրա համար պետք է իշխանություն, որը հետեւողական է իր քայլերում, որն ունի հստակ նպատակներ, իսկ դիվանագիտական հնարքներ ու միջոցներ միշտ կարելի է գտնել, չեմ կարծում, թե դա մեծ խնդիր կլինի, մանավանդ որ ամբողջ աշխարհում կա բավականին մեծ համակրանք Արցախի նկատմամբ, այն ճանապարհի, այն պայքարի նկատմամբ, որ Արցախի ժողովուրդն ունեցել է։ Ընդամենը պահանջվում է օգտագործել այդ ներուժը։

- Իսկ եթե ոչինչ չփոխվի, մի «իքս» պահի կարո՞ղ ենք հայտնվել իրավիճակում, երբ մեր շուրջ բոլոր խաղացողներն իրար հետ սեղան նստեն, պայմանավորվեն, իսկ Հայաստանը բացակայի։

- Կներեք, բայց նման իրավիճակ արդեն ձեւավորվել է։ Այսօր սեղանի շուրջ կան տարածաշրջանային ու արտատարածաշրջանային մի շարք երկրներ` բացակայում է Հայաստանը։ Այսինքն, Հայաստանը նույնիսկ եթե կա, գոյություն ունի որպես ձեւական կողմ, չկա հայկական կարծիք, որն արտահայտում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերը։

Մարիաննա Ղահրամանյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել