Ռուսաստանի տարբեր շրջաններ գիշերը զանգվածային գրոհի են ենթարկվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ 44 անօդաչու թռչող սարք խոցվել է Ռոստովի մարզում, մեկը՝ Սարատովի մարզում:

Բացի այդ, ըստ ռազմական գերատեսչության, 6 ԱԹՍ խոցվել է Կրասնոդարի երկրամասում և մեկական՝ Կուրսկի և Բելգորոդի մարզերում։

Կուրսկի վարչակազմը հաղորդել է, որ ուկրաինական գրոհների հետևանքով ամբողջությամբ այրվել է սեփական բնակելի տուն։

Սարատովի մարզի նահանգապետը հայտնել է, որ Էնգելս քաղաքում, որտեղ տեղակայված են ռուսական ծանր ռմբակոծիչներ, անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են։ Տուժածներ և ենթակառուցվածքների ավերածություններ չկան:

Բացի այդ, BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հարձակման հետևանքով Ռոստովի մարզի Մորոզովսկ աերոդրոմում ոչնչացվել է 6 ինքնաթիռ։

Իսկ Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ գիշերը Ռուսաստանը 13 ԱԹՍ է արձակել երկրի տարածքի վրա, որոնք բոլորը խոցվել են։ Ըստ ռազմաօդային ուժերի՝ ԱԹՍ-ները խոցվել են Զապորոժիեի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Բացի այդ, ըստ ուկրաինական կողմի, ռուսական ուժերը Բելգորոդի մարզից արձակել են 2 զենիթային կառավարվող հրթիռ և 3 բալիստիկ հրթիռ։ Հրթիռային հարվածների հետևանքների մասին չի հաղորդվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել